Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/19

Այս էջը հաստատված է

որի մեջ պահել է եկեղեցին «վսեմական աքսորականին»՝ ազատությանը։

«Տարիները վազում են փայլակի շուտությամբ, օրերը թռչում են, որպես մի վայրկյան։ Վախենում ենք և իրավունք ունինք վախենալու, թե, միգուցե, մինչև հայը կշտանա յուր մահվան քնից, լուսինը անդնդասույզ գնա հորիզոնից ներքև... Եղու՜կ ձեզ, Հայաստանի սարեր։ Այրարատից մինչև Տորոս ստիպված եք դուք հնչեցնել միայն հեկեկանքը և հռնդյունքը Հայաստանի որբ զավակներին հարստահարողների և եկեղեցականների գավազանի տակից»[1]։

Ո՞ւր է ելքը, հարցնում է Մ․ Նալբանդյանը և հայտարարում, որ ելքը խավարամիտ սկզբունքների և սոփեստական գաղափարների, պարզ ասած՝ հայ եկեղեցու քարացած դոգմաների պատնեշները փշրելու մեջ է։ Որպես նոր տրիբուն, Մ. Նալբանդյանն իր պամֆլետում կտրականապես պահանջում է «չբռնաբարել ուրիշի խղճմտանքը և սրտի ազատ խոստովանությունը»: Մ. Նալբանդյանն այստեղ հանդես է գալիս որպես «Հյուսիսափայլի» գաղափարախոսության արտահայտիչ և պահանջում է եկեղեցու ոտից մինչև գլուխ ռեֆորմը։ «Ավելի լավ է,— ասում է նա,— հերետիկոս և անհավատ լինել, քան թե բաց աչքով մեր մարդկությունը, մեր մարդկային ազատությունը և իրավունքը ուրանալ...»[2]

Ո՛չ մի զիջում, հաշտության և ո՛չ մի եզր դավանած սկզբունքից։ Նորը պատերազմում պիտի հաղթի, իսկ հակառակորդին խնայելը նշանակում է դավաճանել «ընդհանուր երջանկության»:

«Մեք, վաղ ուրեմն, գուցե շատ հառաջ, քան թե գրիչ առինք ու հրապարակ իջանք, գիտեինք, որ խավար շրջապատի մեջ բանտարկվածների համար շատ ցավեցուցիչ է ազատ լույսը... գիտեինք, որ հին խելքերը երբեք համաձայնելու չէին խաղաղությամբ տեղի տալ նոր գաղափարներին, գիտեինք, որ նորը պատերազմով պիտի կանգնեցներ իր դրոշակը հնության ավերակների վերա...»[3]։

Բայց այդ հինը դատապարտված է անկման, կղերականության «վերացականը և միստիքականը» ջարդվում է «իրական աշխարհի» երկաթե գավազանի անողոք հարվածների տակ։ «Անցան և անդառնալի անցան այն խավար օրերը, երբ մարդիկ երջանիկ էին, համբուրելով մի սևագլխի քղանցք կամ, շատ անգամ, <զոշաքաղությամբ և> պոռնկությամբ ապականված մի ձեռք...»[4]։

  1. 37
  2. 38
  3. 39
  4. 40