Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/190

Այս էջը հաստատված է

Եթե անգամ ոչխարաբուծությունը զարգանա 25%-ով (այդ հավանական է ու բնական. 45%-ը մի-երկու տարվա երևույթ է, երբ տնտեսապես բարձրացող գյուղացին փող ուներ քոչվորից ոչխար գնելու), այդ դեպքում էլ կերի խնդիրը, ավելի ճիշտ՝ կերի պակասը որոշ սահման է դնելու մեր զարգացող ոչխարաբուծության առաջ, կրճատելով այդ 25%֊ից, առաջին հերթին պակասեցնելով բրդի ընդհանուր քանակը։

Մեզանում կերի պակասության պատճառով ոչխարից քիչ բուրդ է ստացվում։ Այդ հայտնի է ոչ միայն մասնագետ ոչխարաբույծին, այլև անգրագետ չոբանին։ Քոչվորները, որոնց ոչխարները տարին բոլոր արածում են, ամառը՝ սարերում, ձմեռը՝ արանի տափարակում, նույն տեսակի ոչխարից ավելի շատ բուրդ են ստանում, քան նրանք, որոնք ստիպված են լինում ոչխարը ձմեռ ժամանակ կերի պակասի պատճառով կերակրել հաճարով, ձավարով, անգամ թխած հացով։ Քոչվորները ոչխարը խուզում են նախ՝ մարտին, և ապա՝ օգոստոսին։ Մարտի բուրդը՝ «մեծաբուրդը», որ ավելի կեղտոտ է օգոստոսին խուզած բրդից՝ «ղլանից», գնահատվում է ավելի թանկ։ Երկու անգամ խուզելիս ստացվում է 6¼ ֆունտ կեղտոտ բուրդ, իսկ մի անգամ խուզելիս, այն էլ տեղական, կերը պակաս ոչխարից 3 ֆունտից ավելի բուրդ չի ստացվում։

Ընկ. Ք. Վերմիշյանն, ըստ երևույթին, ավելի ձեռնտու է համարում մսացու ոչխարը բրդատվից, որովհետև «մսի վաճառահանության հնարավորությունը դեպի Արևմտյան Եվրոպայի շուկաները մեր ոչխարաբուծության համար մեծ հեռանկարներ է բացում» (եր. 41)։ Մենք սխալ արած կլինենք, երբ Եվրոպայի շուկաների համար մեզանում զարկ տանք մսացու ոչխարին, և այդ այն ժամանակ, երբ մեր տեքստիլ արդյունաբերությունը բրդի հսկա պահանջ ունի։ Հայաստանի գյուղացին անգամ չի կարողանում իր ոչխարի բրդով իր կարիքները հոգալ, որովհետև մեր ոչխարը նրան քիչ բուրդ է տալիս։

Ավելի լավ է մեր ոչխարաբուծության աճման ընդհանուր տոկոսը 45%-ից իջնի 25%-ի կամ, թեկուզ, 20%-ի, սակայն բարձրանա ամեն մի ոչխարի տված օգուտը, որ, ըստ Ք. Վերմիշյանի, 4 — 5 ռուբլու է հասնում, իսկ եկամտային տուրքի նախնական տվյալների համաձայն, մեր լեռնային գավառներում՝ միայն 3 ռ. 60 կոպ.։ Եթե մեզ հաջողվի առաջիկա տարիներում այդ եկամուտը կրկնապատկել (իսկ որ այդ