Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/201

Այս էջը հաստատված է

կորչում զուր տեղը։ Մեքենայական ձեթհանի կառուցումով մենք մեր մի գավառի կամ շրջանի եղած կտավատից շատ ավելի ձեթ կստանայինք, նույնիսկ առանց մի դեսյատին կտավատ էլ ավելի ցանելու։


ՊՐՈՖ. ԱՎ. Ա. ՔԱԼԱՆԹԱՐ. «ԿԱԹՆԱՏՈՒ ԿՈՎԻ ԿԵՐԱԿՐՈՒՄԸ»

Շատ քչերին է հաջողվում մի փոքրիկ բրոշյուրով տալ գյուղատնտեսական այնքան գիտելիք, ինչպես հաջողվել է հեղինակին։ Այս gրքույկը[1] ընթերցանության շատ հարմար նյութ է ոչ միայն գյուղացու, այլև մեր տեղական ագրոաշխատավորների համար։ Բացի այդ, մեր գյուղական դպրոցների աշակերտները նույնպես կարող են օգտվել այս գրքույկից իրենց դպրոցական պարապմունքների ընթացքում։

Առաջին հարցը, որ հեղինակը տալիս է, մեր կովերի քիչ կաթ ու արդյունք տալն է։ Եվ կարևորն այդ պատասխանի մեջ ոչ թե այն է, որ մենք կեր քիչ ունենք, այլ որ շատ անգամ կեր լինելիս էլ գյուղացին չի կարողանում լավ արդյունք ստանալ՝ «գործին հմուտ չլինելու պատճառով, նա շատ անգամ կերը վատնում է կամ անտեղի կերպով խնայում է կերը և զրկվում ավելի թանկարժեք կաթից» (եր. 7)։

Բացատրելով կենսապահ ու արդյունաբեր կերերի նշանակությունը՝ հեղինակը շատ համոզիչ թվերով ապացուցում է, թե ինչքան է կորցնում մեր գյուղացին, երբ աշնան սկզբին խոտն անհաշիվ կերպով կովին տալով գարնան սկզբին, երբ կովը ծնում է և ավելի շատ կաթ տալ կարող է, կեր չլինելու պատճառով կովից շատ կաթ չի ստանում։ Մեր կերապակաս երկրում էլ գյուղացին իր կովից կարող է ավելի օգուտ ստանալ, քան այժմ, եթե միայն նա կովի կերակրումը կատարի հաշվով ու չափով։ Չէ՞ որ «կթաններին կերակրելու ամբողջ հմտությունը հենց այն է, որ հեշտությամբ որոշվի, թե ե՛րբ պիտի նրանց պահել միայն կենսապահ կերով, ե՛րբ և ի՛նչ չափով ավելացնել արդյունատու կերը և ինչից կազմել այդ կերը» (եր. 10), որովհետև «կերակրելու էությունը ոչ միայն առատ կեր ունենալու մեջ է, այլև այդ կերն ըստ տարվա եղանակների և կաթի չափի կանոնավոր դասավորելու մեջ» (եր. 40)։

Հեղինակը խոսում է մի գլխում գոմի և կովի խնամքի մասին։ Այս գլուխն այնքան էլ հաջող չպիտի համարել, ծանրության կենտրոնը ռուս

  1. 1