Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/209

Այս էջը հաստատված է

ԳՅՈԻՂԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՐ ԱԳՐՈՆՈՄՆԵՐԸ

Հայաստանի մի քանի գավառներում այս տարի ավարտվում է ներքին հողաբաժանությունը: Ավարտող մասնագետներն ավելի արագ կվերջացնեն մնացած գավառներում, և ուրեմն, մոտ ապագայում, ամբողջ հանրապետության մեջ, հողային ռեֆորմայի անհրաժեշտ մասը՝ հողհավասարումը և աշխատավորական հողօգտագործումը, կիրառված կլինեն, վերացնելով ոչ միայն հողազուրկ տնտեսությունների ներկայությունը, այլև միհավասարի բերելով այն տնտեսություններին, որոնք մասնատիրական հողօգտագործման օրերին զավթել էին շատ ու լավ հողեր։ Թեկուզ այդ աշխատանքի ընթացքում մեր գյուղերն ավելի հող չստացան, և եթե մի քանի տեղ ստացան, այդ էլ՝ քիչ տարածությամբ, որովհետև կալվածատեր ու խոշոր հողատեր մեր երկիրը չուներ, այնուամենայնիվ հողային ոեֆորմայի կիրառումն առաջին հերթին հող տվավ նրան, ով տասնյակ տարիներ հողազուրկ էր։

Իհարկե, հողհավասարեցումով չի ավարտվում մեր հողաշինարարությունը: Օրինակելի հողաշինարարությունը նոր է միայն սկսվում: Եվ այդ գործին է, որ մեր ագրոնոմները պիտի անհրաժեշտորեն մասնակցեն, եթե ցանկանում են օրինակելի գյուղատնտեսության հիմք ունենալ։ Հին դպրոցն այդ խնդիրները չէր դնում. կար ագրոնոմ, նրա կողքին՝ հողաչափ։ Երկուսի աշխատանքն իրարից անջատ էր գնում։ Սերտ կապի բացակայությունը հասկանալի էր. կյանքում առնչության կետ չկար, մասնատիրական հողօգտագործման ժամանակ պետական միջամտությամբ անհնար էր օրինակելի հողաշինարարություն կատարել, որովհետև այդ նշանակում էր սեփական հիմքերը փորել։ Հողաչափը կալվածատերերի և գյուղական հարուստների հողերի սահմաններն էր որոշում, առանց լուծելու այդ սահմանների մեջ ընկած հողային աղաղակող անարդարությունները։ Ագրոնոմը նույն ձևով տանում էր իր աշխատանքները թե կալվածատերերի էկոնոմիկայում և թե զեմստվոյի հիմնարկություններում։

Մեր օրերը նոր խնդիրներ են առաջադրում։ Շրջանային և գավառական ագրոնոմներն առաջին հերթին պիտի քաջ ծանոթ լինեն ո՛չ միայն իրենց շրջանի ու գավառի գյուղատնտեսության և նրա զարգացման հնարավոր ուղիները նշեն, այլև պիտի գիտենան գավառի հողային