Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/215

Այս էջը հաստատված է

ԿԱՐՏՈՖԻԼԻ ՄՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Կարտոֆիլի հայրենիքը Հարավային Ամերիկան է, որտեղ այժմ էլ բսնում է վայրի կարտոֆիլ, իբրև, բազմամյա բույս։

Երկար ժամանակ կարտոֆիլը դժվար էր տարածվում մյուս երկրներում, որտեղ մարդիկ դեռ ծանոթ չէին կարտոֆիլին և մշակելու ձևերն ու օգուտն էլ չգիտեին: «Սատանի խնձոր» էին ասում կարտոֆիլին և մշակելուց հրաժարվում։ Շատ երկրներում, ինչպես օրինակ՝ Ռուսաստանում, պետությունն ուժով էր ստիպում ժողովրդին կարտոֆիլ մշակել:

19-րդ դարում, մի քանի անբերրի տարիներից հետո, երբ ցանած արտերից ուտելու հաց էլ չէր ստացվում, ժողովուրդն սկսեց կարտոֆիլի մշակությամբ հետաքրքրվել։ Փորձը շատ շուտով ցույց տվեց, որ անբերրի տարիներում ևս կարտոֆիլը բավարար բերք է տալիս և փոխարինում է հացաբույսերին։ Այդ հանգամանքը շատ նպաստեց կարտոֆիլի տարածման։ Սովի տարիներին մարդիկ շատ անգամ միայն կարտոֆիլով են կերակրվել։

Կարտոֆիլը ոչ միայն ուտելիք է մարդկանց համար, այլև լավ կեր է անասունների համար։ Կարտոֆիլից ուրիշ նյութեր էլ են պատրաստում, օրինակ՝ ալյուր, օսլա (կրախմալ), օղի, սպիրտ և այլն:

Սերմելու ժամանակի տեսակետից՝ կարտոֆիլն այնքան էլ պահանջկոտ չէ, ինչպես հացաբույսերը (ցորենը, գարին)։ Եթե ցորենի ու գարու ցանքն ուշանա, գյուղացին պակաս բերք կստանա։

Կարտոֆիլն այդպես չէ։ Եթե երկու շաբաթ էլ ուշ սերմես կամ բերքն ուշ հավաքես, կարտոֆիլը չի վնասվի, իսկ ցորենի ու գարու հունձը եթե ուշացնես, հասկերը կչորանան, հատիկները կթափվեն ու կփչանան։