Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/216

Այս էջը հաստատված է

Երաշտ տարիներին կարտոֆիլը հացաբույսերի չափ չի վնասվում։ Նկատված է նաև, որ անձրևաշատ տարիներում հացաբույսերը վնասվում են, բայց կարտոֆիլն էլի բերք է տալիս, չնայած որ շատ անգամ հիվանդանում է շախկայով։

Կարտոֆիլը մուտք է գործել Հայաստան մոտ հարյուր տարի սրանից առաջ։ Սկզբում շատ դժվար ու դանդաղ էր տարածվում, բայց հետզհետե մարդիկ հասկացան կարտոֆիլի օգուտը, և այժմ գյուղացու տնտեսության մեջ նա կարևոր տեղ է բռնում։ Մի քսան֊երեսուն տարի առաջ շատ շրջաններ կային, որտեղ կարտոֆիլը հայտնի չէր, իսկ այժմ այդ շրջաններում շատերն են զբաղվում նրա մշակությամբ։

Հայաստանում հայտնի են Փամբակի, Ապարանի, Ծաղկաձորի և մի շարք ուրիշ շրջանների կարտոֆիլները։ Մեր ունեցած կարտոֆիլն ուտելու տեսակներից է։ Մենք դեռևս չունենք օսլայի (կրախմալի) կամ անասունների կերի հատուկ տեսակներ։

1924 թվին Հայաստանում 8100 դես. կարտոֆիլ է սերմվել, իսկ 25 թվին՝ 10000 դեսյատին։ Եթե դեսյատինի միջին բերքը հաշվենք 500 փութ, կնշանակի 1925 թ. Հայաստանում ստացվել է հինգ միլիոն փութ կարտոֆիլ։

Ռուսաստանում կարտոֆիլի միջին բերքը մի դեսյատինից հաշվում է 520 փութ, Գերմանիայում՝ 900 փութ, իսկ Անգլիայում՝ 1000 փթից ավելի։

Հողը լավ մշակելու և կանոնավոր խնամք տանելու դեպքում մեր երկրում մեկ դեսյատինից կարելի է մինչև 2000 փութ բերք ստանալ, այսինքն՝ չորս անգամ ավելի, քան ներկայումս է ստացվում։

1. ՀՈՂԸ ԵՎ ՆՐԱ ՄՇԱԿՈԻԹՅՈԻՆԸ

Կարտոֆիլը կարող է բսնել համարյա ամեն տեսակի հողերում: Թե՛ ավազոտ, թե՛ սև և թե՛ մինչև իսկ կավային հողերում կարտոֆիլը կարող է լավ բերք տալ, միայն թե հողը լավ մշակվի։

Կարտոֆիլի համար բոլոր տեսակի հողերը միանման աշխատանք չեն պահանջում։ Ավազահողում ավելի հեշտ է կարտոֆիլ մշակել, որովհետև բահելն ու վարելը, ինչպես և բուկ լցնելը հեշտ է։ Ընդհակառակն, ծանր կավահողերում այդ աշխատանքը դժվարանում է։