Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/219

Այս էջը հաստատված է

հավաքել հողի մեջ և լավ պահպանել խոնավությունը, որովհետև մեզանում երաշտ շատ է լինում, իսկ դրա համար հողը աշնանը խոր վարելն ու փխրուն պահելն ամենակարևոր պայմանն է։

2. ՀՈՂԸ ՊԱՐԱՐՏԱՑՆԵԼԸ

Կարտոֆիլն այն բույսերից է, որոնց վրա պարարտացումը շատ հեշտ և շուտ է ազդում։ Կարտոֆիլի տեղը կարելի է պարարտացնել գոմաղբով, մոխրով, խառնաղբով (կոմպոստ), թռչունի ծերտով և այլն:

Չպարարտացրած, բայց խամ և ուժեղ հողերում կարտոֆիլը կարող է լավ բերք տալ։ Մեզ հայտնի են դեպքեր, երբ այդպիսի խամ և ուժեղ հողերում գյուղացիք մեկին քսան բերք են ստացել։

Պարարտացման միջոցով մենք ո՛չ միայն հողը հարստացնում ենք սննդարար նյութերով, այլև լավացնում ենք հողի կազմությունը ու հեշտացնում հողմնահարությունը, որը, ինչպես ասացինք, շատ կարևոր է լավ բերք ստանալու համար։

Ամենից լավ պարարտանյութը գոմաղբն է։

Գյուղացիք երբեմն գանգատվում են, թե գոմաղբով պարարտացնելու ժամանակ կարտոֆիլը շատ փարթամ է աճում, այնքան շատ չի արմատակալում, քիչ բերք, բայց շատ ճղներ ու տերևներ է տալիս։ Այս դեպքում կարտոֆիլը ջրալի և անհամ է լինում։ Այդպես կարող է լինել այն ժամանակ, երբ չափից շատ են պարարտացնում և, մանավանդ, եթե թարմ գոմաղբ են լցնում դաշտը։

Զանգեզուրի Հին Գորիս գյուղում մի հողագործ լսել էր պարարտացման օգուտի մասին, բայց ունքը շինելու տեղ, աչքն էլ հանել էր։ Գարնանը կարտոֆիլը սերմելիս՝ քթոցներով թարմ աղբ էր լցրել և ապա հենց աղբի վրա կարտոֆիլ սերմել։ Հունիսին նրա կարտոֆիլի տեղը եղեգնուտի (ղամշլըղ) էր նման, և բերքը հավաքելու ժամանակ սերմացու էլ չստացավ։

Թարմ գոմաղբն ավելի շուտ վնաս է տալիս։ Նրա մեջ մեծ քանակությամբ կա մի նյութ, որ ազոտ է կոչվում։ Այդ ազոտը գոմաղբի ջրալի մասերումն է լինում և շատ ուժեղ ազդում է բույսերի ցողունների ու տերևների վրա։ Այդ է պատճառը, որ թարմ աղբը բույսի տերևներն ու ցողուններն է ուժեղացնում, ի վնաս նրա պալարների։