Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/220

Այս էջը հաստատված է

Ոչ մի դեպքում թարմ գոմաղբով կարտոֆիլի տեղը պարարտացնել չի կարելի:

Կարտոֆիլի տեղը պարարտացնելու համար պետք է գործ ածել լավ փտած ու քայքայված հին գոմաղբ, որը պիտի դաշտ տանել ու զանազան տեղերում կույտերով թափել։ Վարելուց մի-երկու օր առաջ գոմաղբի այդ կույտերը պետք է շաղ տալ միահավասար ձևով և լավ փռել դաշտում, ապա գութանով այնպես վարել, որ աղբը հողի հետ խառնվի և երեսին չմնա։ Լավ քայքայված ու փտած գոմաղբը պետք է խոշոր կոշտեր չունենա, նա պիտի փշրված հողի նման դառած լինի։ Այդպիսի գոմաղբը շատ օգտակար է կարտոֆիլի համար և բերքն ավելացնում ու կարտոֆիլի հատկությունը լավացնում է։

Եթե գոմաղբն աշնանը դաշտ տանելու հնարավորություն չկա, կարելի է տանել վաղ գարնանը, թափել արդեն աշնանից վարած հողում, լավ փռել և արորով (չթով), կամ, ավելի լավ է, թեթև գութանով 1½-2 վերշոկ խորությամբ նորից վարել։ Նայած հողին, մի դեսյատինի համար հարկավոր է 1200-ից մինչև 2400 փութ գոմաղբ։ Մեկ անգամ գոմաղբով պարարտացրած հողը 2—3 տարի կարող է լավ բերք տա։

Ավելի լավ կլինի գոմաղբը տանել ցորենի հնձից հետո, խորը վարել և թողնել մինչև մյուս գարուն։ Գարնան սկզբին նորից թեթև վարել և ապա կարտոֆիլ սերմել։ Այս դեպքում կարտոֆիլը շատ լավ բերք կտա։

Պետք է աշխատել գոմաղբը հողի մեջ շատ խոր չթաղել, որպեսզի կարտոֆիլի արմատները կարողանան լիովին օգտվել պարարտանյութից։ Նույն ձևով պիտի վարվել նաև մյուս պարարտանյութերի հետ, ինչպես են, օրինակ՝ ծերտը, մոխիրը և այլն։ Խոր թաղելու դեպքում պարարտանյութի մի մասն իզուր կկորչի կարտոֆիլի համար։

Բացի գոմաղբից, կարտոֆիլի հողը պարարտացնում են և ծերտով ու արտաքնոցների աղբով։ Մեզանում դրանք ընդունված պարարտանյութեր չեն, այնինչ թե՛ արտաքնոցի աղբը և թե՛ ծերտը շատ ուժեղ պարարտանյութեր են կարտոֆիլի և ուրիշ բույսերի համար։

Այն գյուղերում, որտեղ գոմաղբը պակաս է, առանձին ուշադրություն պետք է դարձնել այդ երկու պարարտանյութի (արտաքնոցի աղբ և ծերտ) վրա, որպեսզի անօգուտ չկորչեն։ Խառնաղբն էլ լավ պարարտանյութ է, բայց մեր գյուղերում նրա մասին համարյա գաղափար չունեն։