Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/228

Այս էջը հաստատված է

Ջրելուց մի 2—3 օր հետո կարտոֆիլի թփերի արանքի հողն անպատճառ պետք է փխրացնել, որովհետև ջրելուց հողի երեսը պնդանում, կեղևակալում է։ Եթե այդ պնդացած կեղևը չփշրենք, հողի միջի խոնավությունը շատ շուտով կգոլորշիանա, հողը նորից կչորանա, ջրելը զուր կանցնի, և հողագործն ստիպված կլինի մի 10 օրից հետո նորից ջրել: Նույն բանը պետք է անել և առատ անձրևներից հետո, որովհետև այդպիսի անձրևներն էլ են պնդացնում հողի երեսը։

Փխրացնել կամ հողի երեսին առաջ եկած կեղևը փշրել կարելի է ձեռքի ուրագներով կամ, ինչպես ուրիշ խոսքով ասում են, թոխրով։ Այդ աշխատանքը շատ ժամանակ չի խլում։ Մի անգամ թոխրելուց կարելի է մի ամիս կամ ամիսուկես չջրել, որովհետև այդ միջոցով խոնավությունը հողի մեջ երկար ժամանակ պահպանվում է։

6. ԿԱՐՏՈՖԻԼԻ ԲԵՐՔԸ ԺՈՂՈՎԵԼԸ ԵՎ ՊԱՀԵԼԸ

Եթե ուզում ենք մինչև հավաքելն իմանալ, թե ի՛նչպես է լինելու բերքը, հարկավոր չի թփերի տակը փորփորել և չհասած կարտոֆիլին ձեռք տալ։ Եթե կարտոֆիլի ցողունները հաստ են, մսոտ, տերևներն էլ մուգ դեղին, կնշանակի՝ լավ բերք է լինելու, եթե քիչ տերևներ կան, եղածներն էլ բաց֊կանաչ գույնի են, ցողունները բարակ են ու թույլ, կնշանակի՝ բերքը լավ չի լինելու։

Մեզանում կարտոֆիլի բերքն սկսում են հավաքել աշնանը՝ սեպտեմբերի վերջերին կամ հոկտեմբերին։ Թփերը քանդում են բահերով բայց բահն այն պակասությունն ունի, որ շատ անգամ կարտոֆիլի պաշարը կտրում կամ մաշկում է։ Ուրիշ երկրներում կարտոֆիլի բերքը հավաքելու համար գործ են ածում կարտոֆիլ հանող հատուկ գործիքներ, իսկ շատ տեղերում՝ երկաթե եղաններ։ Շարքերով տնկած կարտոֆիլի բերքը հավաքում են ժամանակից շուտ։ Փորձը ցույց է տվել, որ սեպտեմբերին և հոկտեմբերին, չնայած որ ցողուններն արդեն թառամել են, պալարները շարունակում են հասնել ու մեծանալ, և օսլայի քանակը շատանում է պալարների մեջ։

Խոնավ և անձրևային օրերին կարտոֆիլի բերքը չպիտի հավաքել։ Թաց կարտոֆիլն ամբարում շուտ է հիվանդանում և փտում։ Կարտոֆիլն արև օր պիտի հավաքել և արևի տակ մի քիչ պահելուց հետո փոխադրել ամբարը։ Հարկավոր չի կարտոֆիլը մի քանի օր չորացնել։ Ամեն օր երեկոները հավաքելով և առավոտները փռելով՝ կարտոֆիլի մաշկը պլոկվում