Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/229

Այս էջը հաստատված է

է, և կարտոֆիլն սկսում է փտել։ Մի լավ արև օր փռելը և չորացնելը հերիք է ամբարելու համար։

Շատերը կարտոֆիլը լվանում են, կպած հողի կոշտերը քերում, չորացնում և նոր միայն տանում ամբար։ Այդ ոչ միայն ավելորդ աշխատանք է, այլև վնասակար է։ Հողի կտորները քերելիս՝ շատ անգամ մաշկը պլոկվում է։ Կարտոֆիլն ամբարելու ժամանակ պլոկվածները, բահով կտրտվածները և ջարդվածները պետք է ջոկել, պահել առանձին և առաջին հերթին դրանք գործածել, որովհետև այդպիսիները շատ չեն դիմաանում։

Կարտոֆիլը պահելու տեղը (ամբարը) պետք է չոր լինի և ձմեռը շատ ցուրտ չպիտի լինի։ Եթե ամբարում տաքությունը 2—4 աստիճանից ցած լինի, պալարները կարող են ցրտից փչանալ։ Դրա համար էլ ամբարի դռներն ու լուսամուտները պետք է ծածկած պահել։

Կարտոֆիլը կարելի է պահել ոչ միայն ամբարում, այլև դաշտում։ Մի հարմար ու չոր տեղ (ավելի լավ է՝ մի քիչ բարձր), որտեղ հողի ներքին շերտերը խոնավ չեն, փորում են 2 արշին լայնությամբ և մի քանի արշին երկարությամբ փոսեր։ Փոսի երկարությունը կախված է նրանից, ինչքան կարտոֆիլ ենք հորում։ Այդ փոսերի մեջ լցնում են կարտոֆիլը՝ արշինուկես բարձրությամբ։ Ավելի հարկավոր չէ, որովհետև կարտոֆիլը կարող է հոտել։

Կարտոֆիլը ծածկում են ծղոտով (քյուլաշ, բելում) և վրան բարակ շերտով հող մաղում։ Այդ փոսի վրա տախտակից կամ եղեգնից շինում են երկու կողմի վրա թեք մի փոքրիկ ծածկոց ձյունի և անձրևի ջրից պաշտպանելու համար։ Փոսի չորս կողմը փոքրիկ առու են փորում, որպեսզի ջրերը հեռու հոսեն և փոսի մեջ չծծվեն։ Փոսի բերանը ծածկելիս՝ մի կամ երկու տեղ փոքրիկ օդանցք են թողնում։

Հենց որ բերքը հավաքելու ժամանակը մոտենում է, ամբարի դռներն առաջուց պետք է բաց անել, որպեսզի ներսի օդը մաքրվի։

Ամբարի պատերն ու հատակը պիտի լավ ավլել և ապա՝ կարտոֆիլ լցնել։ Ամբարի պատերը կրով սպիտակացնելը շատ օգտակար է։

Մեզանում շատ է պատահում, որ կարտոֆիլը ձմեռվա ընթացքում, մանավանդ գարնան սկզբին, սկսում է փտել։

Դրա դեմ կռվելու ամենալավ միջոցը ծծումբ ծխելն է։ Հիվանդությունը կպակասի, եթե մենք կարտոֆիլն ամբարում տեղավորելուց առաջ ամբարի հատակի վրա բարակ շերտով կիր շաղ տանք, հետո կավի