Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/231

Այս էջը հաստատված է

(հոտել)։ «Շախկան» շատ ավելի է տարածվում ծանր և խոնավ հողերում, քան թեթև ու չոր ավազահողերում։ Եթե կարտոֆիլի դաշտը թարմ գոմաղբով պարարտացնենք, այդ դեպքում էլ նպաստած կլինենք «շախկայի» տարածման։

«Շախկան» վերացնելու համար ամենահեշտ միջոցը կարտոֆիլի տեղը փոխելն է։ Եթե իրար վրա մի քանի տարի կարտոֆիլ է ցանվում, մի անգամ որ «շախկա» երևաց, ամեն տարի էլ կվարակի։ Հենց որ «շախկա» երևաց, պիտի աշխատել հաջորդ տարին նույն տեղում կարտոֆիլ չցանել։

«Շախկան» բժշկում են պղնձի արջասպով (կապույտ քար, գյոյդաշ)։ Փայտե տակառի կամ ուրիշ ամանի մեջ լցնում են 4—5 վեդրո ջուր, ավելացնում են 2 ֆունտ պղնձի արջասպ։ Այդ արջասպը խառնում են և հալում տակառի ջրի մեջ։ Մի ուրիշ ամանի մեջ 2 ֆունտ թարմ կիր են հանգցնում տասը թեյի բաժակ ջրով, խառնում են իրար և ապա այդ կրաջուրը լցնում այն տակառի մեջ, որտեղ պղնձի արջասպը հալվել է, լավ խառնում են և ապա սկսում սրսկել կամ «վերմորել», կամ «ավտոմաքս» մեքենայով։

Այդ հեղուկը պատրաստելուց հետո պիտի մի գիշեր պահել և մյուս օրը խառնելով լցնել ապարատի մեջ և սրսկել։ «Շախկայով» հիվանդացած կարտոֆիլը պիտի սրսկել 2—3 անգամ։ Առաջին անգամ սրսկելուց հետո երկրորդ անգամ պիտի սրսկել 2—3 շաբաթ անց։

«Շախկայի» դեմ կարելի է կռվել և լավ պալարներ ջոկելով։ Պատահում են թփեր, որ «շախկայով» չեն հիվանդանում։ Բերքը ժողովելիս՝ այդ թփերի պալարներն առանձին պիտի պահել ինչպես սերմացու։ Այսպիսով, տարեցտարի ջոկելով՝ մենք կստանանք լավ սերմացու։

«Շախկան» կամ «սևը» հիմնովին վերացնելու համար հարկավոր է, որ կարտոֆիլ ցանողները բոլորն էլ կռիվ մղեն այդ հիվանդության դեմ։ Եթե մեկը բժշկի իր կարտոֆիլը, իսկ նրա հարևանը՝ ոչ, այն դեպքում հիվանդությունը չբժշկած տեղերից նորից կարող է անցնել առողջ հողերը։

8. Ի՞ՆՉ ՕԳՈԻՏ ԿԱՐԵԼԻ է ՍՏԱՆԱԼ ԿԱՐՏՈՖԻԼԻ ՑՈՂՈԻՆՆԵՐԻՑ ՈԻ ՊԱԼԱՐՆԵՐԻՑ

Բերքը ժողովելուց մի երկու շաբաթ առաջ կարտոֆիլի ցողունները պետք է կա՛մ ոտքով տրորել, կա՛մ էլ ցողունի ներքևի մասից ծռել, կռացնել և այդպես գետնի վրա ընկած թողնել։