Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/232

Այս էջը հաստատված է

Շուտ հասնող կարտոֆիլի ցողունները կարիք չկա տրորելու, առանց դրան էլ շուտ հասնող կարտոֆիլը ժամանակ քիչ ունի մեծանալու։ Ցողունի տրորելն օգտակար է ուշ հասնող կարտոֆիլի համար, մանավանդ, եթե ցողունները շատ փարթամ են աճել ու բոյ քշել։ Բայց ցողունները պիտի խնամքով ջարդել, որպեսզի իրար վրա չդիզվեն։ Այդ դեպքում թաց ցողունները շատ հեշտությամբ կփտեն և, իրար վրա դարսած լինելով, թույլ չեն տա, որ օդը ներսուդուրս անի, մանավանդ խոնավ հողերում։

Մեր գյուղերում կարտոֆիլի ցողունները չեն օգտագործում և չգիտեն, որ դրանցից անասունների լավ կեր է ստացվում։ Բերքը հավաքելուց հետո ցողունները մնում են գետնի երեսին և փտում։ Ճիշտ է, եթե ցողուններն էլ հավաքենք, պալարներն էլ, հողն ավելի շուտ ուժասպառ կլինի, մանավանդ որ մեզանում կարտոֆիլի դաշտը շատ քիչ են պարարտացնում, բայց ավելի լավ է՝ խնամքով և հարկավոր չափով պարարտացնել, ցողուններից էլ օգտվել, պալարներից էլ, քան թողնել, որ կարտոֆիլի ցողունները փտեն գետնի վրա, որովհետև այդ դեպքում նրանք քիչ օգուտ են տալիս։

Մի դեսյատին կարտոֆիլատեղը տալիս է մոտ 60 փութ չոր ցողուն ամենավատ հողում, իսկ լավ հողում՝ շատ ավելի։ Իսկ այդքան կերը մեզանում իզուր է կոչում։

Գյուղացիք գանգատվում են, թե տավարը կարտոֆիլի ցողունը չի ուտում, իսկ եթե ուտում էլ է, հիվանդանում է։ Բայց, եթե չորացնենք ցողունները, կերակրենք կանոնավոր, կամաց֊կամաց տավարին վարժեցնելով այդ կերին, ո՛չ տավարը կհիվանդանա, ո՛չ էլ մենք կզրկվենք մեր եկամուտից։

Ինչու Գերմանիայի գյուղացին կարողանում է կարտոֆիլի չոր ցողունով տավար պահել, իսկ մենք՝ ոչ։ Տավարը կհիվանդանա, եթե երկար ժամանակ և մի անգամից շատ կարտոֆիլի ցողուն տանք։ Բայց եթե քիչ- քիչ տանք և դրա հետ էլ միասին խոտ տանք, տավարն ախորժակով կուտի։ Կարտոֆիլի ցողուններով կարելի է կերակրել նաև այծերին ու ոչխարներին։

Կարտոֆիլի ցողունները դառնահամ կլինեն այն ժամանակ, երբ սերմակալած պտուղներն էլ հետը տանք։ Տավարն այդպիսի ցողուն չի ուտում, ուտելիս էլ հիվանդանում է։ Դրա համար էլ ցողունները հարելուց առաջ պտուղները պիտի ձեռքով պոկոտել։