Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/235

Այս էջը հաստատված է

Գեղեցիկ ձոր է Միսխանեն։ Աջ ու ձախ ընկած փոքրիկ բլրակները աստիճանաբար բարձրանում են, դառնում բարձր սարեր, որոնց լանջերը տեղ-տեղ անտառապատ են։ Սարերի գագաթին ընդարձակ ու հարթ տափարակներ են, հրաշալի խոտհարքներ և արոտ։ Միսխանեի ձորը չորս կողմից պաշտպանված լինելով բարձր սարերով՝ ունի մեղմ կլիմա և շատ առողջ օդ: Ձմեռը, ճիշտ է, խոր ձյուն է լինում, բայց արև օրերն անպակաս են։ Կոմունայում լվացքն էլ են ձմեռը դրսում անում։

Ձորի միջով հոսում է մի փոքրիկ գետակ, որ սկիզբն է առնում Մայմեխ սարի փեշերից։ Այգ գետակին խառնվում են մանրիկ վտակներ ու առվակներ, այնպես որ ձորից դուրս գալուց հետո Զանգուի ակունքներին միանալով՝ Միսխանեի գետակը դառնում է ջրառատ գետ։

Ձորի ձախ կողմի բլուրներն ու սարերը համեմատաբար ավելի լերկ են։ Ձմեռը մի ամիս է միայն ձյուն նստում արևկող այդ լանջերին։ Առաջներում սարի այդ լանջերին տեղացիք վար անելիս են եղել։ Այժմ կոմունան ավելի օգտակար է համ արում այդ լանջերը թողնել որպես ձմեռային արոտներ:

Ե՞րբ է հիմնվել կոմունան, և ո՞վքեր են հիմնադիրները, ի՞նչպես են նրանք ապրում այդ հեռու ձորում, և ի՞նչու ամեն մարդ հող չի մշակում, տուն շինում, այլ կոմունայով են ապրում, ամենքն՝ մեկի և մեկն՝ ամենքի համար։

Խոտորջուրի կոմունան հիմնվել է 1925 թվի մարտ ամսում, բայց առաջին վարն արել են նույն տարվա մայիս ամսում։ Կոմունայի հիմնադիրները բնիկ տաճկաստանցի են, Իսպիրի գավառի Խոտորջուր գյուղից։

Այն Ժամանակվա Տաճկաստանի ներքին կյանքն ու հողի պակասությունը խոտորջուրցիներին ամեն տարի տասնյակներով ու հարյուրներով գաղթեցնել էր տալիս Կովկաս, Ռուսաստան և այլ երկրներ։ Գաղթողները զանազան քաղաքներում աշխատանքի էին մտնում։ Նրանց մեջ շատ են հացագործները։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ուկրաինայի Դոնեց գետի հովտում՝ ածխահանքերում և քաղաքի գործարաններում աշխատող խոտորջուրցի մի քանի բանվորների ու արհեստավորների մեջ միտք է ծագում հիմնել կոմունա, կապվել հողի հետ և միասնական աշխատանքով ապրել։ Ուկրաինայի կառավարությունը նրանց դիմումը հարգում է և առաջարկում մի կալվածք՝ իր շենքերով և հողերով։