Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/238

Այս էջը հաստատված է

իսկույն իմացվում է, կամ թե՝ եթե մեկին պատվիրել են փայտ ջարդել խոհանոցի համար, իհարկե, նա չի կարող չկատարել այդ, որովհետև, եթե փայտ չջարդի, կերակուրը չի եփվի, ուրեմն՝ բոլորն էլ սոված կմնան։

Իր աշխատանքների մեջ թերացող կոմունարը Խորհրդի կողմից ստանում է նկատողություն, որ և գրանցվում է նրա անվան դիմաց։ 3 անգամ նկատողություն անելուց հետո նրա խնդիրը դրվում է ընդհանուր ժողովին, որը միակ իրավասուն է կոմունարին ներելու կամ վտարելու։ Սակայն մինչ այժմ դուրս անելու քիչ դեպքեր են պատահել։

Այն ընկերական մթնոլորտը, որ ստեղծված է կոմունայում, հավասար բաշխումը՝ թե՛ աշխատանքի և թե՛ մթերքների, «ամեն մի կոմունարից՝ իր ուժերի համեմատ, ամեն մի կոմունարի՝ իր կարիքների չափ», ինչպես դրված է նրանց կանոնների մեջ, այդ բոլորը կոմունային դարձնում են մի ընտանիք, որի բոլոր անդամներն աշխատում են, միասին ճաշում և ընթրում, որտեղ յուրաքանչյուրն իր շահը չունի, այլ ընդհանուրինը, կոլեկտիվինը։

Աշխատանքները, եթե մեկի համար ծանր են, կարող է խնդրել, որ փոխեն։ Խորհուրդն աշխատանքները բաշխելու ժամանակ աշխատում է ամեն մեկին իր սիրած գործը տալ։ Եվ այդ համարյա միշտ էլ հաջողվում է։

Բացի այդ ընթացիկ աշխատանքներից, կոմունայում կան անդամներ, որոնք համարյա ամեն օր նույն գործն են կատարում կամ, ավելի ճիշտ՝ իրենց մշտական գործն ունեն, և այդ կատարելուց հետո կարող են գնալ այլ աշխատանքի։ Օրինակ՝ կոմունան ունի իր մեղվանոցը 50 արկղով։ Կոմունարներից մեկին դեռ նախանցյալ տարի կոմունայի խորհուրդն ուղարկել է մեղվապահական դասընթացքները։ Այժմ նա է կտարում բոլոր աշխատանքները, բայց ազատ ժամանակ գերանդին ուսն է դնում, դնում խոտ հարելու և կամ թե օգնում է գոմի պատը շարողներին։

Կոմունայի ընղհանուր ժողովն ընտրում է և վերստուգիչ հանձնաժողով։ Ո՛չ Խորհրդի և ո՛չ էլ Վերստուգիչ հանձնաժողովի անդամները չեն ազատվում ընթացիկ և առօրյա աշխատանքից։ Վերստուգիչ հանձնաժողովի անդամն էլ սոսկական կոմունարի պես ստանում է աշխատանք։ Բացի Խորհրդից և Վերստուգիչ հանձնաժողովից, Խոտորջուրի կոմունայի ամբողջ տնտեսությունը բաժանված է ճյուղերի՝ անասնապահական, կաթի