Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/24

Այս էջը հաստատված է

պատերազմներ» են ֆեոդալիզմի ժամանակ. ինչո՞ւ ընկ. Զորյանը, թեկուզ համառոտ, չի տալիս ֆեոդալիզմի շրջանի «ազգամիջյան պատերազմների» սոցիալ-դասակարգային վերլուծությունը: Որովհետև այդպիսի արտահայտություն չկա պրոֆ. Մանանդյանի գրքի մեջ, պետք է ենթադրել, որ այդ սխալ ձևակերպումը պատկանում է գրախոսի գրչին, և ուրեմն՝ „с больной головы на здоровую*, ինչպես ասում է առածը։ Ապա՝ մի՞թե ընկ. Զորյանը առարկում է այն մտքի դեմ, որ, ասենք թե, հռովմայեցիների և պարթևացիների իրար հետ ունեցած «ազգամիջյան պատերազմները» (գրախոսի տերմինով) կարող էին ազդել և ազդում էին առևտրական ճանապարհների ուղղության և նրանց դերի վրա։ Ընկ. Զորյանի դիտողությունը ճիշտ կլիներ, եթե նա հիշատակեր, որ քաղաքական անցուդարձերը, իբրև արտահայտություն ներքին տնտեսահասարակական ուժերի, ունենում էին իրենց ոչ պակաս կարևոր ազդեցությունը՝ տվյալ դեպքում տրանզիտ առևտուրի վրա։

Ճիշտ դիտելով, որ «հայ բուրժուական պատմագրության գաղափարախոսների՝ հայ բուրժուազիայից ստացած հիմնական սոցիալական պատվերներից մեկն էլ եղել է այն, որ ցույց տրվի... թե Իսլամի տիրապետությունը Հայաստանի վրա եղել է աղետաբեր և կործանարար», ընկ. Զորյանը 30 տարվա ժամանակաշրջանի համար «ներումն» շնորհելով պրոֆ. Մանանդյանին՝ հանկարծ անցնում է քաղաքների հիմնադրման, մոլորության մեջ թողնելով ընթերցողին, թե ի՞նչ կապ ունի վերևի ակնարկը նրա հաջորդ էջի ցիտատների հետ, որոնք ցույց են տալիս պրոֆ. Մանանդյանի «սխալ» մեկնաբանությունը... քաղաքների հիմնադրման։

Մի րոպե դնենք, թե ճիշտ է ընկ. Հակ․ Զորյանի գնահատականը։ Բայց, «մեթոդոլոգիական բնույթի խնդիրների» տեսակետից, ի՞նչ կապ ունեն այն ցիտատները, որոնք ցույց են տալիս, թե քաղաքները հիմնում են» թե՛ հայ և թե՛ սելջուկ իշխանավորները։ Ընթերցողը ինչպե՞ս հասկանա մտքի այդ «թռիչքը», որ ինքնին հակասություն է առաջին պարբերության, ըստ որի՝ քաղաքները պիտի հիմնեին հայ իշխանավորները, և կործանեին սելջուկ իշխանները։

Միայն այդ չի Հակ. Զորյանի գրախոսության թերությունը։ Նա «մոռացության» է տվել այն, որ պրոֆ․ Մանանդյանի գրքում, հակառակ հայ բուրժուական պատմագրության կոնցեպցիայի, առանձնապես