Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/241

Այս էջը հաստատված է

Ամեն մի կովի տված օրական կաթը կշռվում և գրվում է, ինչպես և այն կերը, որ տալիս են կովին։ Եվ ի՞նչ են ասում այդ թվերը։ Նոր առած կովը միջին հաշվով օրական տալիս է 10—12 ֆունտ կաթ, բայց չի անցնում մի ամիս, կովն իր կաթի քանակը քիչ-քիչ ավելացնելով՝ հասցնում է 20 և ավելի ֆունտի։

Ուրեմն՝ տեղական կովը, որ իր նախկին տիրոջը տալիս էր օրական 10—12 ֆունտ կաթ, կոմունային տալիս է 20 ֆունտ միայն նրա համար, որ կոմունայում ավելի լավ են կերակրում։ Կովերը մնում են սովորական գոմերում, որովհետև նոր գոմը դեռ պատրաստ չի։ Ութսուն գլուխ կովի համար կառուցվող դանիական ձևի գոմը[1] է՛լ ավել կբարձրացնի կաթի քանակը, քանի որ առատ կերի հետ միասին կովերը կունենան ընդարձակ, լուսավոր և մաքուր գոմ։

Տնտեսության հիմքը կովերն են։ Կոմունայի յուղի և պանրի փոքրիկ գործարանը լիուլի բավարարում է նրանց կարիքները։ Օրվա կաթը տեղում վերամշակվում է։ Ամբողջ աշխատանքները տանում է մի վարպետ, այնինչ համարյա նույն չափ կաթ վերամշակող մի այլ գործարան, որ գտնվում է հարևան գյուղում, ունի չորս վճարովի ծառայող։

Ոչ մի միջոցի առաջ կանգ չեն առնում կովերը լավ խնամելու, կուշտ կերակրելու համար։ Այս տարի գյուղատնտեսական ուսումնասիրության էքսպեդիցիան ամենալավ կարծիքն է հայտնել նրանց կովերի ու կերի մասին: Նույն բանն են ասում և առանձին մասնագետները:

Խոտորջուրի կոմունան խուսափում է ազնվացեղ կովեր ձեռք բերելուց։ Նրանք աշխատում են տեղական կովեր և բուղաներ պահել և նրանց աստիճանական ընտրությամբ ազնվացնելով, հասնել կաթի բերքատվության ամենաբարձր չափի։ Պետք է ասել, որ այդ ուղին ըստ ամենայնի ճիշտ է և արդյունավետ։

Մի տարվա ընթացքում պատրաստել են 250 փութ պանիր և 40 փութ յուղ։ Պիոներական լագերն ամառվա ընթացքում գտնվում էր կոմունայից քիչ հեռու։ Նրանց հարկավոր կաթն ու պանիրը կոմունան է մատակարարել։

Քննությունը ցույց է տվել, որ կոմունայի բոլոր կովերն էլ առողջ են։ Սակայն կոմունայի խորհուրդը հեռատես է եղել և կամավոր ապահովագրել է բոլոր անասուններին։ Այսպիսով՝ նրանց տնտեսությունը զերծ է զանազան պատահարների ու համաճարակի պատճառով նվազելու և քայքայվելու վտանգից։ Նրանք կամովին ապահովագրել են, թեկուզ

  1. 3