Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/243

Այս էջը հաստատված է

համար։ Կոմունայի բոստանը բոլորին էլ զարմացնում է։ Եվ սերմ է, որ ուզում են։ Նայում ես ու հարց տալիս. քանի՞ հարյուր տարի է ապրում են Միսխանեի ձորում, ինչո՞ւ մեկը միտք չի արել իր տան առաջ ընկած սևահողում կաղամբ ու վարունգ ցանելու։ Պիտի գային կոմունարները և ապացուցեին, որ եթե պապենական ադաթը չիներ, պոմիդորը վաղուց կարմրած կլիներ։

Կոմունայում ուշադրություն են դարձնում և պտղատու ծառերի վրա: Գյուղի նախկին բնակիչները երևի շատ կզարմանան, եթե հիմա մեկնումեկը հայտնի նրանց, որ իրենց գյուղում փարթամորեն աճում են խնձորենին ու տանձենին։ Տնկել են 300-ից ավելի պտղատու ծառեր, որոնք բոլորն էլ դալար են։ Բացի այդ, առվի ափերին տնկել են 500 բարդի։

Բնակարանի նեղություն շատ են քաշում։ Բնիկներն իրենց հետ տարան կամ ծախեցին հարևան գյուղերին դուռն ու լուսամուտը։ Կոմունան ժառանգություն ստացավ քանդված պատեր, կեղտոտ բակեր, սակայն կարճ ժամանակվա ընթացքում էլի ահագին բան է արված: Կառուցել են մի տուն, ուր տեղավորված են մի քանի ընտանիքներ, սեղանատունը, պահեստն ու պանրի գործարանը։ Բացի այդ, նորոգել և բնակելի են դարձրել երկու փոքրիկ տնակներ, մի քանի գոմեր, սարքել են հացի փուռը, ավերակները հարմարեցրել են արհեստանոցների համար։

Միայն այս տարի է, որ նրանց հաջողվեց մի տան և գոմի կառուցումն սկսել։ Տունն ունի 4 բնակարան և ընդարձակ սեղանատուն։ Այդպիսի մի ուրիշ տան կառուցումով բնակարանի նեղությունը կվերանա:

Որ ասպարեզն էլ վերցնելու լինեք, ահագին աշխատանք է արված։ Ամեն առավոտ զրնգում է զանգը և ազդարարում, որ այդ օրն էլ կոմունարները մի բան պիտի կառուցեն, ստեղծեն խավար ու ետ ընկած Միսխանեի ձորում։

***

Կոմունայի ներքին կյանքի բնորոշ կողմերից մեկն էլ այն է, որ աշխատանքի մեջ մրցություն կա։ Ստացած գործն աշխատում են շուտ և անթերի ավարտել ընկերոջն օգնության գնալու և երեկոյան ընթրիքից առաջ հաշիվ տալուց պարզերես դուրս դալա համար։