Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/244

Այս էջը հաստատված է

Հին կոմունարներն օրինակ են նորերի համար։ Նրանք աշխատում են ավելի շատ, չեն տրտնջում, կոմունան համարում են իրենց տունն ու դուռը։ Նորեկին մնում է կա՛մ հաշտվել այդ դրության հետ, վարակվել հներից ու նրանց հետ հավասար աշխատել և կա՛մ թե... կոմունայից հեռանալ։

Իսկ այդպիսի դեպքեր պատահել են. մի քանի հոգի հեռացել են կարճ ժամանակ մնալուց հետո։ Հեռացել են, որովհետև չեն կարողացել դիմանալ կոմունայի խիստ ռեժիմին ու աշխատանքին։ Նրանք փորձել են գլուխ պահել, գործը թերատ թողնել կամ մի կերպ գլխից ռադ անել, որ հա՛մ իրենք շատ չաշխատեն, հա՛մ էլ երևա, որ գործն ավարտել են։ Սակայն, վաղ թե ուշ, բացվել է նրանց արարքն, ու մնացել է մի ելք՝ շորերի կապոցը շալակին Միսխանեի ձորով իջնել, առանց ետ նայելու։

Կոմունայում միայն խոտորջուրցիներ չեն, կան և մի քանի հոգի տեղացիներ։ Վերջիններիս թիվը շատացնելու համար կոմունան որոշել է աղքատ տնտեսություններից, խիստ ընտրություն անելուց հետո, ցանկացողներին ընդունել, նախօրոք քննելով նրանց, ծանոթանալով բնավորության ու սովորությունների հետ։ Նորեկներին ավելի փորձելու և կոմունային անհարազատ տարր չընդունելու համար սահմանված է հետևյալ կարգը. Խորհրդի որոշմամբ՝ այս կամ այն անհատն ընդունվում է կոմունայի մեջ և նրան մյուս օրն ևեթ ուղարկում են աշխատանքի։ Վեց ամիս անցնելուց հետո նորեկին կոմունարի կոչում տալու և հավասար անդամ ճանաչելու համար խնդիրը դրվում է ընդհանուր ժողովի քննության։ Եթե ընդհանուր ժողովը որոշում է ընդունել, նորեկն արդեն համարվում է կոմունայի իրավազոր անդամ։

***

Ինչպե՞ս է անցնում կյանքը կոմունայում։

Նկարագրենք սովորական մի օր։

Լուսաբացին կոմունայի պահակը զարկում է հսկա զանգը, որ կախված է գետնի մեջ ցցած գերանի ծայրից։ Զանգը Երևանի ռուսաց եկեղեցու զանգերիցն է։ Հերիք է, որ լսեն զանգի ձայնը, իսկույն վեր են կենում, շտապում դեպի աղբյուրներն ու գետակը, որից հետո թեյ են խմում և աշխատանքի անցնում՝ կովերը կթում, ձին ու ոչխարը տեղավորում, պատրաստում սայլ ու գութան։ Ամառ ժամանակ զանգի հետ իսկույն