Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/250

Այս էջը հաստատված է

Հենց առաջի օրն ևեթ կոմունայի մասին նրա հակառակորդները տարածեցին, որ կոմունայում կինը բոլորին է պատկանում, որ այնտեղ անկարգ խառնուրդ է, և «նամուս» ասած բանը չկա։ Պետք է ասել, որ ամենից շատ ա՜յդ պրովոկացիան տարածվեց գյուղերում։

Շատերը, նույնիսկ հեռու գյուղերից, կոմունայի մասին այդպիսի լուրեր լսելով՝ շտապում էին տեղում տեսնելու, թե ո՞վքեր են, ի՞նչ կանայք են, ի՞նչպես են հագնվում, ի՞նչ լեզվով են խոսում և ի՞նչ են անում առանց «նամուսի»։ Եկողներից ոմանք հետո խոստովանում էին, որ իրենք սպասում էին ականատես լինելու ինչ֊որ գիշերային խրախճանքների, որոնցից գուցեև իրենց բաժին հասներ։

Եկողները, որոնցից ոմանք գիշերում էլ են, մյուս առավոտյան քիթներըր կախ վերադառնում են, իրենց գյուղերում պատմելու, որ կոմունար կինը պակաս «նամուսով» չի, որ սուտ ու սխալ են տարածված լուրերը։ Եվ այդ առասպելը տարեցտարի չքանում է, հավատացողների թիվր՝ պակսում։

Մի բան միայն հաստատ է։ Սակավ բացառությամբ, կինը առաջին պահին դժվարանում է կոմունա մտնել և ապրել համայնական կյանքով։ Սակայն այդ կյանքին վարժվելուց հետո, մի քանի ամիս կոմունայում ապրելուց և նրա առավել կողմերը ճանաչելուց հետո, կինը շատ անգամ տղամարդուց ավելի պինդ է փարվում կոմունային, աշխատում օրնիբուն և ամեն ինչ անում կոմունայի ներսում համայնական նոր կենցաղ ստեղծելու, կոմունայի ներքին կյանքը կատարելատիպ դարձնելու։

Կնոջ համար դժվար է այդ անցումը՝ դարերից ժառանգություն ստացած վիճակից, սովորություններից կտրվելն ու տնտեսապես միանգամայն անկախ ապրելն իր ամուսնու և երեխաների հետ։ Չէ՞ որ կոմունայում սեփականություն չկա, սեղանը մի է, զգեստն ու կոշիկը կոմունայի միջոցներից են, բոլորի՝ իր, ամուսնու, երրորդի, չորրորդի աշխատանքը կուտակվում է մի տեղ։

Եվ այդ տնտեսության մեջ իր մասը ամուսնու բաժնից պակաս չի: Տնտեսական այսպիսի կատարյալ անկախությունն առաջին շրջանում դժվար հասկանալի է կոմունա նոր մտած կնոջ համար, բայց հետո դառնում է միս ու արյուն, կինը վարժվում է այդ վիճակին և իր ազատությունը ոչ մի դեպքում չսահմանափակելու որոշումը տալիս։

Եվ ճիշտ էին ասում կոմունայի կանայք.