Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/253

Այս էջը հաստատված է

Եվ մյուս օրը, երբ ուշքի է գալիս ապարանցին և տեսնում է սառած ընկերոջը, սկսում է պատմել իրենց գալու նպատակի մասին, միամտաբար խոսք է թողնում և «նամուսի» մասին։ Կոմունարները քահ-քահ կծիծաղեին, եթե չլիներ սառած, ցրտից կապտած ապարանցին, որի բարեկամների ետևից մարդ արդեն ուղարկել էին։

***

Այժմ տեսնենք, թե ինչպես են նայում շրջակա գյուղերը կոմունայի վրա, կոմունան նրանց օգնո՞ւմ է, թե՞ ոչ, ի՞նչ կապ կա հարևան գյուղերի և կոմունայի միջև։

Սկզբում անտարբեր և, նույնիսկ, մի քիչ ծաղրական և անհավատ վերաբերմունք կար։ Ոչ ոք չէր հավատում, թե նրանք կարող են մնալ և տնտեսություն հիմնել: Իսկ գյուղի ունևորները հո առիթ չէին փախցնում կոմունարներին վատաբանելու, բամբասելու, նրանց մասին սուտ ու սխալ լուրեր տարածելու։ Բայց հետո պարզվեց, որ կուլակները միայն բամբասելով չբավականացան։ Սակայն մի բան էլ հաստատապես պարզվեց, հարևան գյուղերի չքավոր և միջակ խավը կոմունային սրտանց է վերաբերվում, նայում է որպես հարազատ հիմնարկության վրա, օգնում է և օգնություն ստանում։

Կոմունան հարևան գյուղերի չքավոր ու միջակ տնտեսություններին օգնել է ոչ միայն իր բարեկեցիկ շրջանում, այլ հենց առաջին օրից, երբ կոմունարները շաբաթներով ուտում էին խաշած կարտոֆիլ, քնում կեղտոտ գոմերում և աշխատում օրնիբուն։

Ամեն մարդ կարող է գնալ կոմունա և եթե գործիքի պետք ունի կամ ուզում է մի դիմում գրել տալ, տեղեկանալ օրենքի մասին և այլն, կարող է գնալ կոմունա և հարցնել, իմանալ։

Կոմունայում գրում են դիմումներ, նամակ, շատ հաճախ շրջանի ժողդատարանում պաշտպանում են այս կամ այն գյուղացու դատը, քաղաք գնալուց հետաքրքրվում և կատարում են գյուղացիներից ստացած զանազան հանձնարարությունները, պետական հիմնարկներում տեղեկանում են այս ու այն գործի ընթացքի մասին։ Հայ, թուրք, հույն, բոլորն էլ անխտիր դիմում են կոմունայի օգնության։ Միսխանեի ձորում այն համոզումը կա, որ եթե դիմումը կոմունայում գրեն, անպատճառ «գործը կտանեն», եթե դատը կոմունարը պաշտպանի, ոչ մի «ադվակատ» չի կարող նրան հաղթել։