Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/256

Այս էջը հաստատված է

Դժվար է մեկ֊ մեկ թվել այն ամենը, ինչ կատարում է կոմունան հարևան գյուղերի համար։ Օգնության բազմաթիվ ձևեր կան, որոնց թվարկելը շատ դժվար է։ Միսխանեի ձորը հազվագյուտ դեպքում է բժիշկ գալիս, բայց հենց որ կոմունան կանչում է բժշկին, ձորի մյուս գյուղերը շտապում են օգտվել առիթից։ Իսկ առանց կոմունայից ստացած ղեղորայքի, շատերը կդժվարանան բուժելու իրենց հիվանդներին: Ո՞վ է 30 վերստ ոտով գնում֊գալիս մի քանի հաբի կամ այլ դեղի համար: Այնինչ, այդ ամենը կոմունայում կա։

Եվ այդ վերաբերմունքը՝ միացած կոմունարների տոկուն ու անդադրում աշխատանքին, զրկանքներին դիմանալու համառության և կոմունան ծաղկեցնելու, բարգավաճելու երկաթե որոշման, բարձրացնում են կոմունայի հեղինակությունը և նրա շուրջը համախմբում գյուղերի աշխատավոր տարրին։ Արդեն նկատելի է, թե ինչպես գյուղում, մի դժվար բանի մասին խոսք ընկնելիս, գյուղացիք ասում են.

- Դե որ կարողանայինք գլուխ բերել, էն ա մեր անունն էլ կոմունա կլիներ, էլի՜...

Բայց կոմունան իր ոխերիմ թշնամիներն էլ ունի, որոնք առիթ չեն փախցնում մի բանով նրանց վնասելու։ Այդ նրանք են, որոնց այլևս գյուղացիք դիմում կամ նամակ գրել չեն տալիս, որոնց հողերը խլել և բաժանել են գյուղերի ու կոմունայի մեջ, որոնք, է՛լ առաջվա նման, թուրը կտրուկ ման չեն գալիս և սրան֊նրան ճնշում, ավազակությամբ պարապում կամ թե ավազակի թալանածն էժան գնով առնում և ուրիշ գյուղերում, մեկին տասը շահելով, պարտակում։

Դրանցից մեկը, որի անունը Ահմեդ է, հողեր և բացատներ ուներ, ձորի ավանի հարուստներից էր։ Սակայն նրանից հողերը խլեցին։ Այդ հողերի մի մասը ընկավ կոմունային։ Եվ այդ օրից Ահմեդը թշնամացավ կոմունայի հետ։ Սա պարզ ու որոշ հայտնում էր իր ատելությունն ու ոխը։ Ահմեդը հիմա էլ առանձին հովիվ ունի։ Նա իր կովերն ու ոչխարը գյուղի նախիրին չի խառնում։ Սկզբի օրերին Ահմեդն իր չոբանին սովորեցնում էր, որ նախիրը քշի, կոմունային անցած հողերի վրա արածացնի։ Կոմունարները դիմանում են, համբերում, բայց տեսնելով, որ Ահմեդն աներեսանում է, բանտարկում են նրա երկու գոմեշը։ Ահմեդի հովիվը կոմունարներին ծածուկ ասում է, թե իրեն «աղան» է սովորեցնում թաքուն արածացնել։ Գոմեշներն ազատ արձակելուց հետո Ահմեդն իրենց գյուղում հայտարարում է, թե՝