Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/258

Այս էջը հաստատված է

տարին բոլոր աշխատի և չկտրվի տնտեսությունից։ Հեռացավ թե չէ՝ մի փորձանք անպակաս կլինի։ Նա չի էլ կարող հեռանալ, քանի որ այնքան մթերք չունի ամբարած, որ իր գնալուց հետո տանը մնացողներն ուտեն ու ապրեն։ Եվ վերջապես՝ ո՞ւր գնա։

Իսկ կոմունայի ամեն մի անդամ տարվա մեջ մի ամիս արձակուրդ է գնում և երբեք էլ չի մտածում, թե ո՞վ պիտի պահի իր կնոջն ու երեխաներին, ո՞վ պիտի կերակրի կովերին ու եզներին։ Այդ ամեն հոգս ու ցավից նա միանգամայն ազատ է։ Եվ դեռ ավելին. կոմունան հնարավորության սահմաններում աջակցում է նրան արձակուրդ գնալիս, երբեմն ուղարկում է հանգստանալու, եթե հիվանդ է՝ բժշկվելու։ Անհատ տնտեսությունն այդ մասին երազել անգամ չի կարող։

Կրթական գործն անհամեմատ ավելի լավ վիճակի մեջ է կոմունայում, քան նրա հարևան գյուղերում։ Եվ այդ ոչ միայն Միսխանեի ձորում, այլ այն բոլոր խորհրդային երկրներում, ուր կոմունարներ ու գյուղեր կան։ Խոտորջուրի կոմունան իր հաշվին 3 կոմունարի ուղարկել է համալսարանում սովորելու։ Վաղը, մյուս օրը նա պիտի ունենա իր բժիշկն ու գյուղատնտեսը։ Կոմունայի խորհուրդն ի վիճակի է հատուկ մարդ հրավիրել և երեխաներին դաստիարակել ինչպես հարկն է։ Եվ այդ բոլորը կատարվում է ո՛չ թե պետությունից կամ այլ հիմնարկներից ստացած դրամով, այլ իրենց աշխատանքի արդյունքով։ 80 հոգու կոլեկտիվ աշխատանքը շատ ավելի եկամուտ է տալիս, քան եթե այդ նույն 80 հոգին աշխատեն ամեն մեկն իրեն համար։

Կոմունայի հաշվեկշիռը ցույց է տալիս, որ հիմնելու օրից կոմունան ունեցել է 33000 ռուբլուց ավելի մաքուր վաստակ։ Նույն ժամանակամիջոցում մի ամբողջ գյուղ չէր կարող այդքան եկամուտ ունենալ: Ահա այդ դրամն է, որ հնարավորություն է տալիս կոմունային համալսարան էլ մարդ ուղարկել, մանկապարտեզի մասին էլ հոգալ, փոքրիկ էլեկտրակայան էլ հիմնել։

Այն ժամանակ, երբ հարևան գյուղի կաթնարտելի վրա թուշի պանրի փութը նստում է 16 ռուբլի, կոմունայում ա՛յդ նույն պանիրը, և նույնիսկ՝ որակով ավելի լավ, նստում է 12 ռուբլի։ Կոմունայում պատրաստել են 250 փ. պանիր. փթին 4 ռուբլու տարբերությունը հաշվելով՝ կստանանք, որ միայն պանրից կոմունան եկամուտ ունի հազար ռուբլի, եթե նույնիսկ այդ պանիրը ծախվի կաթնարտելի պատրաստած պանրի ինքնարժեքով։