Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/259

Այս էջը հաստատված է

Ա՛յ թե ինչպես է գոյանում եկամուտը։ Իսկ հազար ռուբլով երկու հոգի մի տարի համալսարանում կկարդան, կվերադառնան և իրենց ձեռք բերած գիտությունը կոմունայի օգտին գործադրելով՝ է՛լ ավելի կծաղկեցնեն և կշենացնեն կոմունան։

Ուրիշ օրինակներ բերենք։

Այդ շրջանում արտերը քարքարոտ են։ Կոմունայի և հարևան գյուղերի հողերը միատեսակ են։ Մինչդեռ կոմունան իր հողերի մեծ մասն արդեն քարերից իսպառ մաքրել է, գյուղացիների հողերը մնում են քարքարոտ։

Ինչո՞ւ։ Ամեն մի գյուղացի, եթե ցանկանա էլ, իր ուժերով կարող է միայն իր արտի մանր քարերը ժողովել։ Մեծ քարերն հիմքից հանելու համար հարկավոր է, որ 5—10 մարդ միանան և իրար օգնեն։ Իսկ գյուղում այդ բանը չի լինում, չեն անում, ամեն մարդ մտածում է իր մասին: Կոմունայի Խորհուրդը հերիք է, որ վճիռ տա, մյուս օրը, ժայռ էլ լինի, կթափվեն ու կտրաքացնեն։

Բոլորն էլ գիտեն, թե համեմատաբար ինչքան ավելի արդյունք է տալիս, երբ շատ հոգի են մի տեղում աշխատում։ Օրինակ՝ եթե 20 մարդ 20 դես. հողը մի օրում կարող են փեյնել, այդ չի նշանակում, թե մի մարդն առանձին բանելու դեպքում կարող է մի դես. փեյնել։ Այդ պիսի բան չկա. կոլեկտիվ աշխատանքի առավել կողմերից մեկն էլ հենց այդ է։ Կոլեկտիվում աշխատում են երգ ու ծիծաղով, իրար հետ մրցելով, ուրախ ու կայտառ։ Կոլեկտիվը միջոցներ ունի բոլոր գործիքները ձեռք բերելու, ամեն ինչից հարկավոր չափով ունենալու։ Իսկ այդ բոլորն արագացնում և հեշտացնում են աշխատանքը։

Գանք անասունների խնամքին ու կովին։ Շատ հասկանալի է, որ ավելի ձեռնտու է մի մեծ գոմ շինել և հարյուր կով կապել, քան թե 2—3 կամ, երբեմն, մի կովի համար առանձին գոմ շինել։ Հարյուր կով ունեցող կոլեկտիվը կարող է դանիական ձևի գոմ շինել և խնայողություն անել լույսի, վառելիքի, կերի մեջ, իսկ մի կովատեր գյուղացին հազիվ թե կարողանա իր հին գոմի կտուրը նորոգել։ Իսկ լավ գոմում նույն կերն ուտելով կովը շատ ավելի է կաթ տալիս, քան մութ, կեղտոտ ու խոնավ գոմում։ Ահա՛ թե ինչու գյուղացուն 12 ֆունտ կաթ տվող կովը կոմունայում իր կաթի քանակը հասցնում է մինչև 20 ֆունտի։

Դառնանք հիմա հողօգտագործման։ Ինչպես էլ անենք, հողակտորներն իրարից պիտի բաժանված լինեն միջնակներով կամ պատերով,