Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/271

Այս էջը հաստատված է

հաշվով արտելը ստացել է 200 ռուբլի եկամուտ: Չբավականանալով ստացած հողամասով՝ արտելը վարձակալությամբ վերցրել է մի ուրիշ հողամաս: Երկու հողամասից արտելի անդամները հավաքել են 3000 փութ խոտ և բաժանել անդամագրված տնտեսությունների մեջ՝ կովերի գլխի համեմատ, խոտի փութը հաշվելով 22 կոպեկ։

1926 թ. մայիսից մինչև սեպտեմբերի վերջն արտելը իր անդամներից ստացել է 3300 փութ կաթ, մասնավոր գնումներով ձեռք է բերել 400 փութ: Ստացած կաթը վերամշակման ենթարկելով՝ արտելը պատրաստել է 405 փութ թուշի և 21 փութ չեչիլ պանիր ու չմամլած յուղ՝ 36 փութ։ Ապրանքի մեծ մասը վաճառված է «Պանիր֊յուղ» կենտրոնին։

Չնայած այն հանգամանքին, որ կարճ ժամանակամիջոցում վերամշակման է ենթարկվել բավականաչափ կաթ (4200 փութ) և վաճառվել է շատ ձեռնտու գներով, այնուամենայնիվ, կաթնարտելը վնաս է արել։ Ծանոթանանք առ 1-ն մարտի 1927 թ. նրանց հաշվեկշռի հետ։

Արտելի պասսիվից երևում է, որ աշխատանքներն սկսելուց նրանց տրամադրության տակ է եղել 2500 ռ. վարկով ստացած գումար, որից 1500 ռ. կարճատև վարկ, 1000-ը՝ երկարատև։ Այդ գումարին ավելացրել են 450 ռուբլու չափ փայավճար և 3000 ռ. կանխիկով սկսել աշխատանք։

Հաջող ղեկավարության և աշխատանքը լավ հիմքերի վրա դնելու դեպքում այս կաթնարտելը ուներ բոլոր տվյալները ո՛չ միայն օգուտով փակելու հաշվեկշիռը, այլև ավելացնելու անդամների թիվը, հենց առաջին տարում վերադարձնելու ստացած վարկի մի մասը։

Սակայն այդպես չի եղել, արտելը «սպառել» է նույնիսկ հիմնական դրամագլուխը։ Այդ է ասում ելումուտքի տախտակը։ Կատարած ծախքերի գումարը հասնում է 4700 ռուբլու, որի մի խոշոր մասը՝ 1000 ռուբլին, աշխատավարձ և օրապահիկ է։ Միայն վարչությունն ստացել է 580 ռուբլու աշխատավարձ մի քանի ամսվա ընթացքում և այդ այն ժամանակ, երբ գործը նոր էր հիմնվում, երբ ունեցած դրամագլուխը միայն վարկով ստացածն էր։ Վարչությունը գանձել է 450 ռուբլու փայավճար և ստացել է 580 ռուբլու աշխատավարձ։ Հասկանալի է, թե ինչո՛ւ տարեվերջին հաշվեկշիռը փակել են մոտ 1300 ռուբլու վնասով։

«Գյուղատնտեսական կյանքի» հարցումին, թե ինչո՞ւ և ո՞ւմ թույլտվությամբ են այդպիսի գումար ծախսել, «Պանիր-յուղ» կենտրոնի վարչությունը պատասխանում է. «Համաձայն 1926 թ. կազմած և հաստատված