Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/272

Այս էջը հաստատված է

նախահաշվի, «Սարգսյան» կաթնարտելի նախագահ Գորոյանը աշխատավարձ պետք է ստանար 7 ամսվա ընթարթում 35֊ական ռուբլի, ընդամենը 245 ռ., այնինչ 3 ու կես ամսվա գործունեության ընթացքում Գորոյանը ստացել է 580 ռուբլի։ Նույնպիսի վարձատրություն տեղի է ունեցել և մյուս ծառայողների վերաբերյալ։

Այնքան, որքան նախահաշիվը հաստատել «Պանիր-յուղ» կենտրոնը, նրան է վերապահված և ընդհանուր հսկողությունը։ Ի՞նչպես և ո՞ւմ կողմից է կատարվել այդ թերությունը, որի հետևանքով վարչության նախագահը մի քանի անգամ ավելի է աշխատավարձ ստանում։ Էլ ինչո՞ւ համար է նախահաշիվը։

Կաթնարտելն իր կաթը շատ թանկ է գնահատել։ Մայիս և հունիս ամիսներին կաթի փութը դնել են 1 ռ. 20 կոպ., հուլիս և օգոստոսին՝ 1 ռ. 50 կ., իսկ սեպտեմբերին՝ 2 ռ.։ Իզուր է կաթնարտելի վարչությունն աշխատում կաթի բարձր գինը բացատրել «Նոր Բայազետի ինքնուրույն (!) պայմաններով»։ Ոչ մի «ինքնուրույն» պայման չի կարող փրկել վարչությանն այն մեղադրանքից, որպիսին հարկավոր է դնել նրա վրա՝ արտելի ուղուց շեղվելու և համայնքի ընդհանուր գործին մասնավոր «դուքանի» տեղ դնելու համար։

«Պանիր֊յուղ» կենտրոնի վարչությունն ևս համաձայն է, որ կաթի գները թանկ են։ «Կաթի գները նշանակել է արտելի վարչությունը հակառակ մեր որոշման։ Վարչությունս հրահանգել էր արտելներին և «Սարգսյան» կաթնարտելին 1 փութ կաթի դիմաց անդամներին վարկավորել 1 ռուբլու սահմաններում»։

Այսպես լինելով հանդերձ, «Պանիր֊յուղ» կենտրոնը գնել է արտելի համարյա բոլոր պանիրը։ Ո՞վ է տուժել մեջտեղում. ո՛չ «Պանիր֊յուղը և ոչ էլ արտելի անդամը, այլ ինքը՝ արտելը։ Բայց շարունակենք։

Արտելի վարչությունը որոշում է ազնվացեղ ցուլեր ձեռք բերել։ Ցուլերը տեղափոխվելուց հետո սատկում են. մեկը՝ «դաբաղից», մյուսը՝ «ժանտախտից»։ Արտելը վնասվում է 1130 ռուբլու չափ։ Ո՞ւմ անփութությամբ է այս վնասը իջել կաթնարտելի գլխին։ Գավառներում ունենք ագրոնոմներ, անասնաբույժներ, «Պանիր֊յուղ» կենտրոնն ունի հրահանգիչ, և այդ բոլորից հետո դաբաղ հիվանդությունից սատկում է ցուլը: Հայտնե՞լ են արդյոք, որ չի կարելի տեղափոխել, սրսկվա՞ծ են եղել ցուլերը շիճուկով, վերջապես՝ ի՞նչ է արել «Պանիր֊յուղ» կենտրոնը պատասխանատվության կանչելու հանցավորներին։