Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/277

Այս էջը հաստատված է

անհրաժեշտություն է տեղավորել գյուղերում։ Եթե ավելացնելու լինենք և հարևան հանրապետություններից մեր գավառները եկող ազգային փոքրամասնություններին (քուրդ, եզիդի, թուրք), որոնք նախկին բնիկներ են, և չնայած ներգաղթն արգելող հրահանգներին ու որոշումներին, դարձյալ փոքրաթիվ խմբերով վերադառնում են իրենց գյուղերը, եթե այդ էլ ավելացնելու լինենք, կպատկերացվի հողային այն դժվարությունները, որոնք ավելի են ծանրանում Հայաստանի ազգաբնակչության բնական աճման բարձր (3% ըստ Կենտվիճվարի) տոկոսի հետ և ստեղծում գյուղական նադելների մանրացման վտանգ և, վերջապես, ագրարային գերբնակչություն։

Ըստ տասնամյա պերսպեկտիվ պլանի, մեր երկրի մշակության համար պիտանի հողերի տարածությունը պիտի հասցվի 1 537 000 դես., որոնք, ըստ կուլտուրաների, պիտի բաշխվեն հետևյալ կարգով. հացաբույսերի մշակության՝ 853 545 դես., տեխնիկական և թանկարժեք բույսերի համար՝ 143 425 դես., անասնապահության համար (խոտհարք և ցանովի խոտ) 498 000 դես., քոչվորների օգտագործության՝ 45 000 դես., հողազուրկներին տեղավորելու համար՝ 67 000 դես.:

Մեր երկրի ինդուստրիալիզացիան և գյուղատնտեսության ինտենսիֆիկացիան այս թվերի լույսով ստանում են պարզ և կոնկրետ պատկեր։ Միայն այդ երկու միջոցն են, որոնց լրիվ կիրառումը պիտի մեղմի թե՛ ագրարային գերբնակչությունը և հողի հետ կապի թե՛ բնակչությունը, թե՛ տեղում եղած հողազուրկ գաղթականներին և թե՛ աշխատավորական ներգաղթի կարգով եկողներին։ Պետք է բոլոր միջոցները կիրառել, որպեսզի պակաս շնչաբաժին հողը կերակրի գյուղացու տնտեսության։ Այն բոլոր աշխատանքը՝ վարկային, կոոպերատիվ, ագրիկուլտուր և այլն, որոնք նպատակ ունեն բարձրացնելու գյուղացու տնտեսությունը և ապրանքայնացնելու այն, վերջին հաշվով գալիս են մեղմելու հանրապետության հողապակասությունը, արդյունաբերության ծաղկումը, նոր գործարանների հիմնելը, եղածների ծավալելն այդ գործարանների կողքին բանվորական բնակավայրեր ստեղծելով, իրենց կքաշեն ազատ բանվորական ձեռքերը և մեր երկրում ստեղծելով բանվորական նոր կադրեր՝ գյուղում մնացողներին հնարավորություն կտան իրենց տնտեսությունն է՛լ ավելի բարգավաճելու։

Հանրապետության տեղավորման կոմիտեն իր վերջին նիստերից մեկում քննության առնելով Հայաստանի սակավահողության խնդիրը,