Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/278

Այս էջը հաստատված է

իր մի շարք գործնական որոշումների հետ, որոնք վերաբերում են տեղավորման և տեղափոխման կարգին, վարկավորման չափին, նոր գյուղերի ու բնակարանների կառուցման, հողապակաս գյուղացիների համար հողային նոր ֆոնդեր ստեղծելուն և այլն, ընդունել է և մի շատ կարևոր որոշում՝ համամիութենական միջոցներով, հենց այս տարվանից Հայաստանի արդյունաբերական կենտրոններում սկսել բանվորական գյուղակների (посёлок) կառուցման, գործարաններին կից բանվորական մշտական կադր ստեղծելու և մեր հողապակաս գյուղերի հողային կարիքները հոգալու նպատակով։

Շատ դժվարին խնդիրներ ենք լուծել։ Եվ ոչ մի կասկած, որ Խորհրդային Միության աջակցությամբ, Հայաստանի արդյունաբերության ծավալմամբ ու երկրի գյուղատնտեսության ինտենսիֆիկացիայով՝ առաջիկա տարիներում կլուծենք և սակավահողության հետ կապված մի շարք խնդիրներ։

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ» ՎԵՑ ՏԱՐԻՆ

Աղքատ անցյալ է ունեցել հայ գյուղատնտեսական մամուլը։ Երկու տասնյակի չի հասնում հայերեն լեզվով հրատարակված գյուղատնտեսական գրքույկների թիվը։ Ազգային ռոմանտիզմի ջատագովման նվիրված ստվար հատորների կողքին շատ լղրճուկ են եղել գյուղատնտեսական տեխնիկայի նորանոր ձևերը պոպուլյար դարձնող բրոշյուրները։ Հասարակական֊քաղաքական հարցերին նվիրված պարբերականներում, անուղղակի, հայ բուրժուազիայի շահերին սպասարկող ինտելիգենցիան հայ գյուղացիության առօրյա շահերը մտաբերում էր «հավուր պատշաճ»ի և մեծ մասամբ գերադասում դառնալ «պոլիտիկոս» և կամ կորչել ցարական չինովնիկության նյութապես ապահով բանակի մեջ։ Սակավ են այն դեմքերը, որոնք, թեկուզ հաճախ նարոդնիկյան հովերով, փորձել են հայկական «մուժիկին» սովորեցնելու գյուղատնտեսական գործնական գիտելիքներ։

Գյուղատնտեսական մամուլի այդ վիճակը ոչնչով չի փոխվում դաշնակցական Հայաստանում, եթե չհաշվենք «Գյուղատնտեսության և պետական գույքերի մինիստրության» օրգան՝ «Գյուղատնտեսական հանդեսի» առաջին (և վերջին) համարն[1] ու մի բրոշյուր՝ պոմիդորի մշակման մասին։ Ահա դաշնակցական մինիստրության կատարածը մի

  1. 1