Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/28

Այս էջը հաստատված է

հորինելով անհիմն, միանգամայն մտացածին բացատրություն, թե պրոֆ. Մանանդյանը երկու տեսակ մոնղոլ է ընդունում մինչև մահմեդական կրոն ընդունելը և նրանից հետո։

Այս մարքսիստ պատմաբանին հատուկ պրիոմ չի, ընկ. Զորյան։ Այսպես անելով դուք սքողում եք գրքի հիմնական թերությունը, որին կանդրադառնանք մեր հոդվածի վերջը՝ մեր կամքից անկախ ստիպված լինելով մի քանի ճշտումներ կատարելու այն ցիտատների մեջ, որ բերել եք պրոֆ․ Մանանդյանի աշխատությունից ձեր դրույթները հիմնավորելու։

Որպեսզի ապացուցի, թե վաճառականության զարգացման և գյուղացիներից գանձված ծանր տուրքի շնորհիվ Բագրատունի ֆեոդալները շատ էին հարստացել և կուտակել էին դրամ և, ուրեմն, կարող էին «հոգեպարար» գործերով զբաղվել, պրոֆ. Մանանդյանը հիշատակում է եկեղեցիների և հարուստ դղյակների կառուցումը, որ սկսվեց նրանց կողմից։ Այս բացատրությունը ճիշտ է, բայց լրիվ չէ․ տնտեսական ասպարեզում իր դիրքերն ամրացնելու զուգընթաց հայ ֆեոդալն աշխատում էր կրոնի, գրականության և մյուս կարգի «հոգևոր» զենքերի միջոցով ամրապնդել իր իշխանությունը, հետամուտ լինելով իր իդեոլոգիայի հաղթանակին բոլոր ասպարիզներում։

Իր գրախոսականի մեջ Հակ. Զորյանը ոչ մի բառ չի ասում ավելի հիմնավորելու, այսպես ասած՝ իսկական ռելսերի վրա դնելու նրա ո՛չ խորացրած մեկնությունը։ Դրա փոխարեն նա կամայական կերպով հայտարարում է, թե, իբրև, պրոֆ. Մանանդյանը եկեղեցիների կառուցումով ապացուցում է... «երկրի արտադրական ուժերի զարգացման բարձր աստիճանը», և այդ սեփական դատողությունը հեղինակի վզին փաթաթելով անցնում է լորդերի և բանկիրների վիլլաների անալոգիային, ընթերցողին յուր ասածը «համոզիչ» դարձնելու համար։

Վերջին մի ցիտատ, և դրանով փակենք մեր դիտողությունները»,— գրում է ընկ. Զորյանը։ Մենք էլ այդպես վարվենք և ստուգենք վերջին մի «ցիտատ» և փակենք ոչ այնքան հաճելի մեր ստուգումները։

Ընկ. Հակ. Զորյանը պրոֆ․ Մանանդյանի աշխատության էջ 186-ից բերում է հետևյալ ցիտատը. «Մուսուլմանական ազդեցությամբ է բացատրվում նաև, ինչպես հայտնի է, հայկական գրականության մեջ եղած աշխարհիկ հոսանքը, միջնադարյան հայկական լիրիկայի ծաղկումը և 13-րդ ու 14-րդ դարերի նոր ճարտարապետական ձևի զարգացումը»։