Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/280

Այս էջը հաստատված է

հարուստ նյութ կգտնի նրա տարեկան ստվարահատոր ժողովածուներում։

Հենց աոաջին համարից, որ լույս է տեսել 1922 թ. նոյեմբերի 15-ին, «Գյուղատնտեսական կյանքը» առաջադրում է մեր երկրի գյուղատնտեսության հրատապ ու երկարատև խնդիրները։ Հարկավոր էր վերականգնել մեր տափարակի թանկարժեք կուլտուրան՝ բամբակը, որի տարածությունը հասնում էր մի քանի հարյուր դեսյատինի։ Սկսվում է բամբակի «վերածնման գարունը», երբ նպատակ է դրվում ցանքը հասցնել 1000 դեսյատինի։ «Գյուղատնտեսական կյանքը» արձագանքում է․ տպվում են մի շարք հոդվածներ, կոչեր, մատչելի լեզվով գրած զրույցներ, որոնց բոլորի նպատակն էլ մի է՝ բարձրացնել բամբակի ընկած կուլտուրան։ Պատմական վավերագիր է դառել առաջին թռուցիկը՝ ուղղված բամբակացան գյուղացիներին, 1923 թ. բամբակի «վերածնման գարնանը»։

Նույն ավեր վիճակի մեջ էր և ջրային գործը։ Գերմարդկային ճիգեր են հարկավոր մաքրելու ցամաք առուները, նորերը հանելու, ճահճացած դաշտերը չորացնելու։ Եվ այժմ, երբ թերթում ենք «Գյուղատնտեսական կյանքի» առաջին համարները՝ հասարակ թղթի վրա, տառերը խառնիխուռն, տիպը շտապ ու աղքատ, երբ թերթում ենք առանց շապիկ այդ համարները՝ այդ տարիների եռուզեռը, ազատագրված երկրի կամքը՝ ավերակները վերականգնելու, տնտեսությունը բարձրացնելու համար ճիգեր թափելու, այդ ամենը հիմա էլ զգացվում են անպաճույճ այդ համարներից։

«Գյուղատնտեսական կյանքի» անցած ուղին մեր կյանքի անցյալ հնգամյակն է։ Առաջին տարիներում արծարծված շատ խնդիրներ այժմ արդեն իրականացված են։ Հենց առաջին համարում մի հոդվածագիր, շեշտելով փորձական գործի առաջնակարգ նշանակությունը գյուղատնտեսության բարձրացման գործում, ավելացնելով, որ ցարական կառավարությունն այդ ուղղությամբ համարյա ոչինչ չի արել, գրում է, որ «հսկայական գործ ունենք անելու Հայաստանի գյուղատնտեսության ուսումնասիրության ասպարեզում, որ հրատապ խնդիր է գյուղատնտեսական կայանների, փորձադաշտերի և ֆերմաների կազմակերպումը»։ Մենք այսօր պարծանքով կարող ենք հայտնել, որ «Գյուղատնտեսական կյանքի» առաջին համարում առաջա դրած այդ խնդիրներից մեծ մասը Հոկտեմբերյան հեղափոխության 10-ամյակին արդեն լուծված են։