Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/282

Այս էջը հաստատված է

կովի կերակրման, բամբակի շուտ ցանելու օգուտի և գարնան սկզբին այգիներում կատարվելիք աշխատանքներին նվիրված շարքային գյուղացու համար միանգամայն հասկանալի հոդվածների կողքին տեղ էր բռնում և գյուղատնտեսական մոնոգրաֆիկ ուսումնասիրությանը, գյուղացու բյուջեի քննությանը, սակավահողության պրոբլեմին նվիրված հոդվածները։

Իր աճման զուգընթաց՝ «Գյուղատնտեսական կյանքը» գտավ և իր ընթերցողին։ Նրա ընթերցողը գյուղի ուսուցիչն է, շրջանի ագրոնոմը, գյուղատնտեսական կոոպերացիայի և վարկային ընկերության ղեկավար տարրը, միջակ գրագիտության տեր գյուղացին։ Ընթերցողի խնդիրն առաջին անգամ շոշափվում է 1924 թ․, երբ և որոշվում է «Գյուղատնտեսական կյանքին» տալ գիտական֊ուսումնասիրական ամսագրի բնույթ, զուգընթաց հրատարակելով և մի ավելի մատչելի շաբաթաթերթ՝ գյուղացիական լայն խավերի համար։ Այդ խորհրդակցությունից հետո է, որ հրատարակչությունը լայնացնում է իր գործունեության սահմանները և սկսում հրատարակել հանրամատչելի գրքույկներ։

Այդ թվից է, որ «Գյուղատնտեսական կյանքը», թևակոխելով 3-րդ տարին, սկսում է ավելի հիմնական խնդիրների ուսումնասիրություն, որոնց թռուցիկ թվարկումն անգամ հերիք է ցույց տալու այդ խնդիրների գործնական կարևոր նշանակությունը թե՛ գյուղատնտեսական և թե՛ ընդհանուր քաղաքականության, ինչպես և ժողովրդական ողջ տնտեսության տեսակետից։ Առաջադրվում է Խորհրդային Հայաստանի գյուղատնտեսական ռացիոնալացման խնդիրը՝ պարզելու թե «Հայաստանի յուրաքանչյուր շրջան ինչպիսի գյուղատնտեսական կուլտուրաների կիրառմամբ կտա ցանկալի արդյունք», շատ հիմնովին դրվում է հողի մշակման ռացիոնալ կազմակերպումը, առաջին հերթին որպես երկրի սակավահողության դեմ պայքարելու միջոց։ Այդ խնդրին զուգորդվում են մեկը մյուսից կապված տնտեսական խնդիրներ՝ ցանքաշրջանառության փորձերը, կերի խնդիրը, արոտների բարելավումը, նրանց ռացիոնալ օգտագործումը, ալպյան տնտեսությունների խնդիրը և վերջինիս հետ կապված քոչվորության խնդիրը։

Բոլոր բնագավառներում խնդիրները դրվում են և լուծումն ստանում որոշ պլանի սահմաններում։ Երկրագործության կոմիսարիատի աշխատանքներն ևս սկսում են ընթանալ պլանով՝ ավելի խորացրած և ավելի հիմնական խնդիրների լուծման համար։ «Գյուղատնտեսական