Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/295

Այս էջը հաստատված է

վեճեր են լինում ջրի համար, լավ ճանապարհներ չկան, մի համայնքի վերցրած արոտի վրայով ուրիշ համայնք քշում է իր անասունները, որովհետև ուրիշ ճանապարհ չկա։

Իսկ քիչ չեն այնպիսի դեպքեր, երբ մի հարուստ տնտեսություն արոտների ընդարձակ տարածություն, հնուց սկսած, ամեն տարի վարձով է վերցնում, այնինչ հենց այդ արոտին կից գյուղն իր անասունները պահելու տեղ չունի։

Ահա այդ բոլոր թերություններին վերջ տալու համար է, որ կատարվում է արոտաշինարարություն։ Այդ աշխատանքները սկսվել են անցյալ տարի և Հողժողկոմատի ծրագրով երեք տարում պիտի վերջանան։

Ինչպե՞ս է կատարվում արոտաշինարարությունը։

Նախքան արոտների վերաբաժանելը, տեղում ուսումնասիրում են փաստացի օգտագործությունը, այսինքն՝ որոշում են, թե ո՞վ է օգտվել այս արոտից, և ո՞րն է եղել նրա սահմանը։ Միևնույն ժամանակ նշանակում են արոտի կատեգորիան և ստուգում են, թև մինչ այդ եղած կատեգորիան որքան է ճիշտ։ Պատահում են դեպքեր, երբ մի որևէ արոտ մինչև այժմ հիշվել է 3-րդ կատեգորիա, և այդպես էլ վարձագինը տվել են, այնինչ տեղական քննությունը ցույց է տալիս, որ այդ արոտն առաջին կատեգորիայի է և, նույնիսկ, խոտհարք է։ Այդպիսի դեպքում, մանավանդ եթե խոտհարք է, առաջին հերթին տալիս են արոտին կից գյուղին, նրա անասնապահությունը զարգացնելու համար։

Այդ աշխատանքը կատարելուց հետո հաշվում են, թե արոտամասում քանի՞ գլուխ անասուն է արածում (ձի, կով, ոչխար և այլն)։ Անասունների ընդհանուր թիվը բաժանելով արոտների տարածության վրա՝ որոշում են, թե մի հեկտարին քանի՞ գլուխ անասուն է ընկնում։

Այդ հիման վրա էլ արոտների սահմանները փոփոխության են ենթարկվում, նոր սահմաններ են գծվում և աշխատում են քիչ արոտ ունեցող գյուղին շատ տալ, նրա անասունների հաշվի չափով։

Բայց արոտների շինարարությունը միայն վերաբաժանությամբ չի վերջանում։ Նոր ճանապարհներ են անցկացնում, որպեսզի հեռու ընկած արոտներն օգտագործել կարողանան։ Այս տարի Միսխանայի արոտները տանող խճուղին արդեն պատրաստ է։ Նոր ճանապարհների ծրագիր է կազմվում։