Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/299

Այս էջը հաստատված է

Ի՜նչպես պիտի ավելացնել աշնանացանի տարածությունը:

Մեր գյուղերում խամ թողած հողերը կազմում են ամբողջ հողերի 35—40 տոկոսը, այսինքն՝ հողերի մի երրորդից ավելին թողնվում է հանգստանալու։

Նկատված է, որ չքավոր տնտեսություններում խամ թողած հողերի տոկոսն ավելի բարձր է և հասնում է մինչև 60 տոկոսի։ Չքավորը լծկան չունի, սերմացու չի կարողանում ձեռք բերել և, եթե հաջողվի վարձով տալ, ուզի֊չուզի՝ հողերի մեծ մասը պիտի թողնի անմշակ։

Աշնանացանի տարածությունը առաջին հերթին պիտի ավելացնել խամերը պակասեցնելով, մանավանդ չքավոր տնտեսություններում:

Իհարկե, պետական օգնություն կլինի։ Տրակտորները նորից գործի կանցնեն, վարկ կտրվի, ձեռք կառնվեն բոլոր միջոցները՝ չքավոր տնտեսություններին աշնանացանի համար սերմացու տալու։

Ո՞րն է աշնանացանի օգուտը:

Պատերազմից առաջ էլ Հայաստանում աշնանացան քիչ էր արվում: Բայց այդ չի նշանակում, թե աշնան ցանքը մեզանում օգտակար չի և չի կարող ընդարձակվել։

Փորձերը ցույց են տալիս, որ նույնիսկ այնպիսի գավառներում, ինչպիսին Լենինականն է, որտեղ պատերազմից առաջ աշնան ցանք համարյա թե չի եղել, հողն ու կլիման թույլ են տալիս աշնան ցանք անելու։ Այժմ, շնորհիվ ագրոնոմների պրոպագանդայի, աշնանացանով զբաղված հողամասերի տարածությունը հասնում է 100 հեկտարի։

Բայց մենք անցնենք այն օգուտներին, որ տալիս է աշնան ցանքը։ Ամենից առաջ, մանավանդ դեմի հողերում, աշնան ցանքն ավելի շատ է կարողանում հողի խոնավությունից օգտվել, քան գարնան ցանածը։ Այս հանգամանքը շատ կարևոր է մանավանդ այն շրջանների համար (օրինակ՝ Աշտարակը, Եղվարդը), որտեղ ձմեռը շատ խիստ չի լինում։

Բայց աշնան ցանքը մի ուրիշ առավելություն <էլ> ունի։ Աշնանը ինչքան շատ ցանենք, այնքան գյուղատնտեսական աշխատանքները հավասար բաժանած կլինենք տարվա եղանակների համեմատ և ստիպված չենք լինի աշխատանքը կուտակել գարնանը։

Ի՞նչ պիտի անել աշնանացանի կամպանիայի համար:

Ո՛չ միայն հարկավոր է աշնանացանի տարածությունն ավելացնել, այլ անհրաժեշտ է մի դեսյատինից ստացվող բերքի չափը բարձրացնել։