Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/301

Այս էջը հաստատված է

Կարևորը տարածությունը չի։ Կոլեկտիվն իր հողերը վարել է տրակտորով, ցանել է շարքացան մեքենայով, իսկ բամբակի քաղհանն առնում է կուլտիվատորով։

Կոլեկտիվի ոչ մի անդամ սեփական ցանք չունի. ո՛չ բամբակ, ո՛չ ցորեն և ո՛չ էլ բանջարանոց։ Կոլեկտիվը իր անդամներից գնել է և ընդհանուր պահեստում տեղավորել իր անդամների բահն ու ուրագը, քլունգն ու սղոցը։

Յուրաքանչյուր անդամ աշխատում է այնտեղ, որտեղ նրան ուղարկում են։ 18 տարեկանից բարձր, կին թե տղամարդ, հավասար աշխատում են։ Նրանց աշխատանքը ցուցակագրում են ընդհանուր մատյանում։

Ինչո՞ւ են նշանակում օրավարձի չափը

Կոլեկտիվի անդամները հիմա փող չեն ստանում, նրանք ապրում են բամբակի դիմաց ստացած վարկով, որ բաժանել են ըստ շնչի։ Այդ վարկով նրանք պիտի ապրեն մինչև աշուն, մինչև բերքի հավաքելը։

Երբ բերքը հավաքեն և սպառեն, այն ժամանակ ընդհանուր ժողովը հաշվի է նստելու և ստուգելու, թե ո՞վ ինչքա՛ն է աշխատել, ընդհանուր օգուտի մի մասը պիտի բաժանեն աշխատածի չափով, մյուս մասը՝ շնչերի վրա, որովհետև կան տնտեսություններ, որոնք շատ ուտողներ ունեն և քիչ աշխատող ձեռք։ Ընդհանուր օգուտի 25 տոկոսը պիտի դրվի հիմնական կապիտալի վրա։

Ինչպե՞ս են կազմել կոլեկտիվը

«Համերաշխություն» կոլեկտիվը կազմել են անցյալ տարի։ Հիմնադիրները 6 տնտեսություն են եղել, որոնց միացել են նաև 8 տնտեսություն։ Յուրաքանչյուր տնտեսություն մուտքի վճար տվել է 10 ռուբլի և փայավճար՝ 100 ռ.։ Թե՛ մուտքի և թե՛ փայավճարը լրիվ գանձել են:

Բացի այդ, կոլեկտիվի ընդհանուր ժողովը հիմք է դրել այսպես կոչված «Կովի ֆոնդի»։ Տեղական անպետք կովերը ծախել են և միայն 3 տնտեսության, որոնք փոքր երեխաներ ունեն, թույլատրել են մեկական կով պահել։ Յուրաքանչյուր շունչ «Կովի ֆոնդին» տվել է 30 ռուբլի։ Կոլեկտիվն ունի 55 շունչ։ Այսպիսով՝ հավաքել են բավականի գումար, որով պիտի գնեն լավ կովեր և, ընդհանուր մի գոմ շինելով, իրենց կարիքների համար պիտի պահեն 10—14 կով: