Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/303

Այս էջը հաստատված է

Թշնամի տարրը կոլեկտիվի դեմ ագիտացիա է մղում, իբր թե գյուղի ջուրը պետությունը առաջին հերթին կոլեկտիվին պիտի տա, իսկ մյուսների հողը ցամաք թողնի, իբր թե կոլեկտիվը չքավորներին խաբում է և նրանց հողերը թանկ վարում։ Բայց այդ լուրերը բամբասանք են, և կենդանի գործը հակառակն է ապացուցում։

Ի՞նչից է գանգատվում կոլեկտիվը

Ագրոնոմը, ճիշտ է, լինում է նրանց մոտ, բայց ոչ հաճախ։ Նրանք ուզում են գործնական ցուցմունքներ, որ ժամանակին եթե չեն ստանում, հետո ուշ է լինում։ Օրինակ՝ բանջարանոց են ցանել, բայց չգիտեն, թե լոբին ե՞րբ պիտի ջրել, պոմիդորի քաղհանը ե՞րբ պիտի անել, քանի՞ անգամ պիտի բադրջանը ջրեն և այլն։ Ագրոնոմը <պիտի> աշխատի հաճախ լինի և նրանց դաշտերը ման գալով, տեղնուտեղը ցուցմունք տա։

Մենք ասացինք, որ կոլեկտիվն իր ամբողջ ցանքը շարքացան է արել։ Բայց հենց այդ ժամանակ ագրոնոմը բացակայել է, այնինչ շարքացանն աշխատելու ժամանակ տրված խորհուրդը՝ տասը դասախոսությունից և զրույցից ավելի օգուտ պիտի տա։

Հայգյուղկոոպն իր հրահանգիչներին պիտի շաբաթը մի անգամ ուղարկի, որ տեղում իմանան նրանց կարիքները։ Գրագրությունը իր նպատակին ուշ է հասնում։ Եթե Հայգյուղկոոպի հրահանգիչը տեղում ժամանակին լիներ, նա թույլ չէր տա, որ կոլեկտիվը մարդ ուղարկի Աղբաbայից կովեր գնելու։ Այդտեղից նրանք չեն կարողացել կով ձեռք բերել, բայց մի ուրիշ սխալ են արել։ Մարդ են ուղարկել Քյալբաջառ՝ այնտեղից կովեր բերելու։ Իսկ հայտնի է, որ սարի կովերը արանում չեն կարող դիմանալ, և, բացի այդ, Քյալբաջառի[1] կովը շատ էլ կաթնատու չէ մեր տեղականի համեմատ:

Ի՞նչ պակաս ունի «Համերաշխությունը»

Կոլեկտիվի բոլոր անդամները վերաբնակիչներ են և նախկինում էլ եղել են մի գյուղի բնակիչ։ Այդ հանգամանքն, իհարկե, լավ է այն տեսակետից, որ իրար ճանաչում են, ուրեմն և ավելի համերաշխ պիտի աշխատեն։

Բայց, որպեսզի հայրենակցական միության նման չստացվի, կոլեկտիվը պիտի իր կազմի մեջ հետզհետե ընդունի գյուղի չքավոր և

  1. 2