Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/307

Այս էջը հաստատված է

Այդ գործը ղեկավարում է Հողժողկոմատի գաղթի և բնակեցման բաժինը։

Այս տարվանից մեծ թափով և բոլոր գավառներում սկսվել են տեղափոխման աշխատանքները։ Նոր գյուղեր են հիմնվում ազատ հողերի վրա, բացի այդ, հողառատ գյուղերում տեղավորվող գաղթականների համար պետությունը կառուցում է տներ։

Այս տարի կառուցվում է հազար տուն Հայաստանի զանազան գյուղերում։

Աշխատանքների մեծ մասը կենտրոնացված է էջմիածնի, Երևանի և Լենինականի գավառներում։

Կառուցվող տները մեկական սենյակից են։ Դեռ գարունը չբացված՝ տեղում արդեն սկսել են քարի և փայտեղենի պատրաստություն տեսնել, դռներն ու լուսամուտները պատրաստել։

Նշանակված են տեխնիկներ, որոնք հսկում են տների շինարարության աշխատանքներին։

Քար պատրաստելու և հիմքերը փորելու աշխատանքներին մասնակցում են իրենք՝ գաղթականները։ Նրանք օգնում են և վարպետներին տների կառուցման գործում։

Բացի նոր կառուցվող տներից, վարկ են ստանում և այն չքավոր տնտեսությունները, որոնք իրենց միջոցներով կարողացել են պատերը շարել, բայց միջոց չունեն տան կտուրը ծածկելու։ Նրանք վարկը ստանում են կա՛մ դրամով և կա՛մ էլ շինանյութերով։