Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/319

Այս էջը հաստատված է

Ի՞նչ օգուտ է տալիս աշնան սերմած վիկը։

Ամենից առաջ աշնանը շատ ավելի հեշտ է վարել վիկայի տեղը, քան գարնանը։ Աշնան վիկը ցրտից չի վախենում, նա դիմանում է ձյունի հաստ շերտերի տակ և ձյունի հալոցքի ետ միասին, երբ ծլում են մյուս խոտերը, սկսում է աճել, փարթամանալ։

Մեր գյուղերում կերի պակասն ամենից շատ է զգացվում ապրիլին և մայիսի սկզբին. վերջանում է ձմռան պաշարը, կանաչը դեռ բոյ չի քաշել, որ տավարը կուշտ փորով ուտի, իսկ աշնան ցանած վիկան այդ ժամանակ ո՛չ միայն բոյով է լինում, այլև սկսում է ծաղկել։

Կերի կարիք զգալու դեպքում կարելի է վիկայի արտի մի մասն սկսել հնձել և տավարին կերցնել։ Եվ մինչև ամբողջ վիկան կերցնելը, սարերն արդեն խոտակալած կլինեն, ուրեմն և՝ կարելի է սար բարձրանալ։

Աշնան վիկան շատ ձեռնտու է մեր լեռնային շրջաններիհամար, որտեղ սար են բարձրանում մայիսի վերջերին, իսկ մինչ այդ անասուններն այնքան են նիհարում, որ արոտներում մի ամիս արածելուց հետո հազիվ են կարողանում միս կապել։


Առաջին փորձը այս տարի կատարել է Երևանի հողբաժինը։ Նրանց տնտեսությունում կարողացել են սերմացուի Համար աշնան վիկա ցանել։


Պետք է հետևել Երևանի օրինակին և առաջին տարին ձեռք բերել թեկուզ մի քանի փութ աշնան վիկա, ցանել սերմացուի համար և բազմացնել, աշխատելով սերմը տեղերում պատրաստել: Այդպիսով մենք կունենանք և՛ աժան, և՛ հարկավոր չափով մեր պայմաններին վարժված սերմացու:

Սերմի պատրաստման այս եղանակը պետք է տարածել մյուս տեսակ խոտաբույսերի վրա։ Կորնգանն ու յոնջան շատ լավ սերմակալում են, և տեղում պատրաստած սերմացուն շատ լավ բերք է տալիս։

Վարկային ընկերությունները պիտի աչքաթող չանեն այս և հույսները միայն դրսի վրա դնեն այն ժամանակ, երբ գյուղերում կարելի է պատրաստել խոտաբույսերի սերմացուի մի մասը։ Հենց այժմվանից պիտի ցուցակագրել այն տնտեսություններին, որոնք կարող են սերմացու տալ վարկի դիմաց։ Ամեն տարի այդ տնտեսությունների հետ պայման պիտի կապել և նրանց սերմացուն գնել։ Ավելի լավ ՝ յոնջատիրոջը փող տալ և նրա սերմացուն գնել, քան թանկ գնով ուրիշ տեղից սերմացու