Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/323

Այս էջը հաստատված է

Ի՞նչ ունի ինստիտուտը և ի՞նչպես է կազմակերպվել:

Ուսանողության հիմնական կադրը Անդրկովկասյան բոլոր հանրապետություններից են և ներկայացնում են գլխավոր չորս ազգությունները՝ թուրք, վրացի, հայ և ռուս։ Ընդունելության ժամանակ հոգ էր տարվում, որ Անդրկովկասի բոլոր գավառներից ու շրջաններից ուսանողներ լինեն։ Սակավ բացառությամբ այդ հաջողվել է։ Հայաստանի և Վրաստանի բոլոր գավառներից ու ավտոնոմ շրջաններից ուսանողներ կան։

Համաձայն սկզբնական ծրագրի՝ ուսանողների ընդհանուր թիվը՝ առաջին տարվա համար սահմանված էր 130-ի չափ։ Այդ թիվն ըստ հանրապետությունների բաշխվել էր այս կերպ. Ադրբեջանին՝ 35 տեղ, Վրաստանին՝ 30, Հայաստանին՝ 25, Դաղստանին և Հյուսիսային կովկասին՝ 10 տեղ, Թուրքեստանին և Միջին Ասիայի հանրապետություններին՝ 10 տեղ, և խորհրդային մյուս հանրապետություններին՝ 10 տեղ։ Կովկասյան կարմրադրոշ բանակին հատկացված էր 10 տեղ։

Ըստ ընդունելության տախտակի՝ ուսանող չեն ուղարկել Թուրքեստանն ու խորհրդային մյուս հանրապետությունները, ծանուցումն ուշ ստանալու և պայմաններին լավ տեղյակ չլինելու պատճառով։ Ընդունված ուսանողների թիվը 112 է, որոնք ըստ հանրապետությունների հետևյալ կերպ են բաշխվում. Ադրբեջան՝ 30, Վրաստան՝ 33, Հայաստան՝ 30, Հյուսիսային Կովկաս՝ 4, այլ վայրերից՝ 5 և կովկասյան կարմրադրոշ բանակից՝ 10 հոգի։

Դիմում տվողների թիվը անց էր 230֊ից։ Անհամեմատ ավելի շատ էին դիմումներ Հայաստանի զանազան վայրերից։ Ադրբեջանից և Վրաստանից, ինչպես և բանակից եկողները նախնական ստուգման են ենթարկվել տեղերում, այնպես որ, եթե հաշվենք և այն անձանց, որոնք ինստիտուտի համար դիմում են տվել հանրապետական լուսժողկոմատներին, ապա դիմում տվողների թիվը կհասնի 300-ի։

Իրենց սոցիալական ծագմամբ ընդունված ուսանողները դասավորվում են հետևյալ կերպ. բանվորներ՝ 15 %, գյուղացիներ՝ 60 %, ծառայողներ՝ 25 %: Ըստ ազգության. թուրք՝ 21 անձ, վրացի՝ 26, ռուս՝ 15, հայ՝ 48, այլք՝ 4 (ուկրաինացի, լատիշ, լեզգի, լեհ)։ Հայերի բարձր տոկոսը բացատրվում է նրանով որ, նախ՝ մնացած հանրապետություններից ևս ուղարկվում էին հայեր (Վրաստանից՝ 4, Ադրբեջանից՝ 6), և ապա՝ հեռու վայրից եկողները մեծ մասամբ հայեր էին: Այսպես օրինակ՝