Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/324

Այս էջը հաստատված է

Հյուսիսային Կովկասից գործուղած 10 հոգուց 3-ը հայ էին։ Այդ վայրից եկած 10 հոգուց ընդունված են միայն 3 հոգի, 2֊ը՝ հայ:

Ըստ կուսակցականության՝ կոմկուսի անդամ և թեկնածու են 23 հոգի, կոմերիտական՝ 41 հոգի, անկուսակցական՝ 46 հոգի: Ըստ տարիքի՝ ուսանողության 85%֊ը 20—25֊ի մեջն է։ Տարբեր էին ուսանողների պատրաստության մակարդակն ըստ հանրապետությունների։ Առաջին տեղը պատկանում է Ադրբեջանից գործուղվածներին, որոնց պատրաստությունը բարձր էր թե՛ Վրաստանից և թե՛ Հայաստանից եկածների համեմատությամբ։

Ուսանողների մեծ մասը (մոտ 90 հոգի) տեղավորված են ուսանողական հանրակացարանում։ Մնացածները կա՛մ քաղաքից են և կա՛մ թե Երևանում ունեն ազգականներ, որոնց մոտ և իջել են։ Մոտ ապագայում հնարավոր կլինի հանրակացարանի տեղավորվածների թիվը հասցնել 100֊ի։ Թոշակների խնդիրը դեռ առկախ է։ Սակավ բացառությամբ՝ ուսանողները առայժմ սննդադրամ են ստանում, մինչև թոշակառուների ցանկի վերջնական հաստատումը։

Ինչ վերաբերում է ուսանողական օժանդակ հիմնարկներին՝ ընթերցարան, գրադարան, ֆիզկուլտուրայի գործ, բժշկական օգնություն, ճաշարան և այլն, ապա հենց իրենց՝ ուսանողների անմիջական մասնակցությամբ այդ խնդիրների մեծ մասն արդեն լուծված է: Հիմք է դրված գրադարանի և ընթերցարանի, ֆիզկուլտուրայի և սպորտի համար հատկացված է որոշ գումար, այժմ հոգ է տարվում ուսանողական ճաշարան ունենալու Հայաստանի պետհամալսարանի ուսանողության համար ևս։

Անասնաբուժական ինստիտուտի պարապմունքների մի մասը պետհամալսարանի շենքումն է տեղի ունենում, իսկ գործնական պարապմունքները և դասախոսությունների մի մասը՝ Հողժողկոմատի բակտերիոլոգիական ինստիտուտում։ Կազմած նախահաշվով՝ առաջիկա գարնանը ձեռնարկվելու է անատոմիկումի, ընդարձակ հանրակացարանի և այլ շենքերի կառուցման։

Առաջին կուրսի դասախոսությունները հետևյալ առարկաներից են՝ անատոմիա, քիմիա, բուսաբանություն, ֆիզիկա։ Կենդանաբանության ամբիոնն առայժմ թափուր է։ Հասարակագիտական առարկաներից առայժմ ավանդվում են քաղաքատնտեսություն և կուսպատմություն: