Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/33

Այս էջը հաստատված է

ԽԱՉԱՏՈԻՐ ԱԲՈՎՅԱՆԻ

«ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՒՄԸ»

ԱՐԽԻՎԱՅԻՆ ՆՈՐ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ՆԱՄԱԿՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

Գրեց Ակսել Բակունց

Ա

1848 թ. ապրիլի 2-ին (հ. տ.) յուր բնակարանից դուրս է գալիս և այլևս չի վերադառնում Խաչ. Աբովյանը։ Նրա կյանքի, հատկապես անհայտացման մասին հարյուրից ավելի ուսումնասիրություններ, գրքեր և հոդվածներ են գրել հայ, ռուս և այլ ազգի հեղինակներ[1]։ Մինչև այժմ էլ շարունակվում են պրպտումները, սակայն նրա անհայտացման մասին եղած նյութերի վրա այդ ուսումնասիրությունները արժեքավոր բան քիչ են ավելացրել։

Առաջին պաշտոնական գրությունը Աբովյանի անհայտացման մասին Երևանի գավառապետին[2] ուղարկել է Տուրկեստանովը, որ մարտի 30-ից սկսել էր Աբովյանից ընդունել գավառական դպրոցի գործերը[3]: Տուրկեստանովը տեղեկացրել է հաջորդ օրը, ապրիլի 3-ին։ Որովհետև նրա գրությունը մինչև այժմ ամբողջությամբ հրատարակված չէ, ստորև տալիս ենք լրիվ թարգմանությունը։

1848 թ. ապրիլի 3

ԵՐԵՎԱՆԻ ՊԱՐՈՆ ԳԱՎԱՌԱՊԵՏԻՆ

Կոլեժսկի ասեսոր Աբովյանը երեկ, վաղ առավոտյան, ինչպես հայտնեց նրա կինը, անհայտ է, թե որտեղ է գնացել և մինչև այժմ տուն չի վերադարձել: Եվ որովհետև նա, համաձայն դպրոցական բարձր իշխանության կարգադրության, պարտավոր էր հանձնել ինձ ինչպես տեսչական

  1. 1
  2. 2
  3. 3