Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/334

Այս էջը հաստատված է

Է կատարում համայնքի որոշումները բերքի բարձրացման համար։ Ագրոնոմիկան այդ կատարածուները լինելու են գյուղատնտեսական սեկցիայի անդամները։

Ահա թե ինչ կարևոր նշանակություն ունի Կենտգործկոմի կողմից հրատարակած օրենքը բերքի բարձրացման մասին։ Ամեն միջոց պիտի գործադրենք, որպեսզի հենց առաջիկա գարնանացանի ընթացքում կատարենք այն, ինչ հարկավոր է բերքն այս տարի 7 տոկոսով բարձրացնելու համար։

ԼԵՌՆԱՄԱՍԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԸ

Սամաղարի շրջանի լեռնամասի 13 գյուղերում, որտեղ տեղավորված են սասունցիները և քրդերը, գյուղատնտեսական աշխատանք մինչև այժմ համարյա թե չի տարված։

Շրջանի ագրոնոմը նստում է Սամազարում, որի դաշտավայրն ունի 30-ից ավելի գյուղ։ Շրջանի ագրոնոմն ինչ աշխատանք որ կատարել է, միայն այդ գյուղերումն է եղել, իսկ լեռնամասի գյուղերը մինչև օրս էլ զուրկ են ագրոնոմի օգնությունից։

Իսկ լեռնամասի գյուղերն այդ օգնության կարիքը շատ են զգում։ Ոչ մի գյուղում երկաթե գութան չկա. վարը մինչև այժմ կատարում են արորով և այն էլ՝ ամենահին տեսակի։

Որովհետև շրջանն անտառազուրկ է, գյուղացիները գնում են Լենինական և այնտեղի արհեստավորներից ձեռք բերում արորները: Փոխադրական միջոցից զուրկ չքավորը Լենինականից մինչև լեռնամասի գյուղը շալակած է բերում արորը, 2 օրվա ճանապարհ կտրելով ոտով:

Պարարտացում չկա․ աղբը վառելիք են անում: Միայն մոտիկ հողամասերը պարարտացնում են մոխրով, որը շատ քիչ արդյունք է տալիս։

Լեռնամասի հողերը վատ որակի են և անընդհատ մշակման հետևանքով ուժասպառ են եղել։ Միջին բերքը մեկին երեք է. հողեր կան, որոնց մշակության մասին լեռնամասի գյուղացին հայտնում է, թե «սերմ կցանենք, սերմ կստանանք»։