Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/335

Այս էջը հաստատված է

Անասնապահության կարիքները

Դաշտավարության վիճակն ունի և լեռնամասի անասնապահությունը: Կերի պակասի հետևանքով` անասունները երկարատև ձմռան ընթացքում կիսաքաղց են մնում։

Բեղմնավորման կամպանիա բոլորովին չի տարված։ Ոչ մի ազնվացեղ ցուլ չի ուղարկված շրջանից։ Անասունների ազնվացման վրա ամենևին ուշադրություն չի դարձվում, և հետևանքը լինում է այն, որ նախրի մեծ մասը նիհար, կաթը պակաս կովեր են, որոնց կենդանի քաշը մի լավ երինջի քաշից պակաս է։

Կաթի մշակման վրա ուշադրություն չի դարձվում։ Մինչև օրս ոչ մի սեպարատոր չեն ուղարկել լեռնամաս։ Երբ մենք այդ մասին հարցրինք գյուղատնտեսին, նա զարմացած հարցրեց. «Մի՞թե լեռնամասի գյուղերն էլ են սեպարատոր պահանջում»։

Կաթի մշակումը կատարվում է պապենական «ձձումով» (կավե խնոցի), ինչպես դարեր առաջ կատարում էին Տաճկաստանում։ Յուղ ստանալու համար շատ գյուղերում գործ են ածում տիկը։

Լեռնամասի գյուղացիներն արդեն հասկացել են թե՛ անասունների ազնվացման, նրանց լավ խնամքի և թե՛ կաթի վերամշակման անհրաժեշտությունը։ Հարկավոր է, որ գավառի ագրոկազմակերպությունը և վարկային ընկերությունը գործնական քայլեր անեն նրանց անասնապահության զարգացման համար։

Կերի պակասն առաջին հերթին պիտի լուծել

Սամաղարի շրջանը լեռնամասի ագրոօգնության ծրագիրը չունի։ Այդ նպատակով ոչինչ չի արել և գավառի ագրոնոմը։ Իրենք՝ գյուղացիները ճիշտ ճանապարհը գտել են. կերի խնդիրը նրանք լուծում են յոնջա (առվույտ) ցանելով։

Բայց սահմանափակ է առվույտին հատկացնելիք հողերի տարածությունը, որովհետև ջրովի հողերը քիչ են, ջրի մեծ մասն էլ հատկացվում է տափարակի գյուղերի այգիներին և բամբակի ու ցորենի ցանքերին։

Անհրաժեշտ է դեմի հողերում փորձեր դնել կորնգանի և աշնանացան վիկայի։ Ղարաջատար գյուղում կորնգանի փորձ կատարել են, սակայն հաջող բերք չի ստացվել։