Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/336

Այս էջը հաստատված է

Բայց մի փորձով խնդիրը չի լուծվում։ Փորձը կատարել են առանց համապատասխան ցուցմունքի, առանց ստուգելու սերմացուի ինչ լինելը։ Հարկավոր է, որ գյուղատնտեսական կազմակերպությունն իր ձեռքն առնի ցանովի խոտերի տարածման գործը և առաջին երկու տարին վարկավորման կարգով խրախուսի գյուղացիներին։

Լեռնամասի հողային պայմանները նպաստավոր են թե՛ կորնգանի և թե՛ աշնան վիկայի համար։ Վերջինիս համար փորձ ամենևին չի կատարվել։

Առանց այս հարցը լուծելու՝ անհնար է այդ գյուղերի տնտեսությունը բարձրացնել։ Խոտով անասուններին ապահովելուց հետո հնարավոր կլինի կատարյալ կերպով օգտագործել այդ գյուղերի հողերը։

Բերքատվության բարձրացման կամպանիան

Անցյալ տարի ամենևին գյուղատնտես չի գնացել այդ շրջանը։ Մի երկու գյուղում եղել է, բայց այն էլ կարկտահարության տոկոսը որոշելու։ Գյուղացիներից ոմանք կարծում են, թե գյուղատնտեսը պետապի աշխատակիցն է, և նրա անելիքը միայն կարկուտի հետ է կապված։

Այս տարվա բերքատվության բարձրացման և գարնանացանի կամպանիան շատ թույլ է տարվել։ Ոչ մի դեսյատին ցանք չի ավելացել այդ գյուղերում։ Ամբողջ տարվա ընթացքում մեկական զեկուցումներ են արվել կամպանիայի նշանակության մասին, սակայն ո՛չ պարարտացման, ո՛չ հողի մշակման և ո՛չ էլ այլ գյուղատնտեսական աշխատանք չի տարվել։

Սերմացուի զտման համար գյուղերն է ուղարկվել 3 մեքենա և այն էլ՝ լավ տեսակի։ Բայց ի՞նչ արդյունք է ստացվել։ Համարյա ոչինչ։ Միայն Ագարակ գյուղում զտել են 120 փութ ցորեն, իսկ մյուս 2 մեքենան՝ Ներքին Աղջաղայում[1] և Ավանում... դարձել են հորթերի շվաքարան:

Մեքենան տեղ հասցնելուց հետո չեն աշխատեցրել, որպեսզի գյուղացիները սովորեն, և հայտնի լինի, թե ինչի կարիք կա։ Միայն մի քանի օրից հետո պարզել են, որ ցորենի սերմազտիչին հագցրած է գարու մաղ: Մինչև գլխի ընկնեն, գրեն ու պատասխան ստանան, ժամանակն անցնում է, և մեքենաները պարապ են մնում, առանց մի փութ սերմացու մաքրելու։

  1. 1