Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/347

Այս էջը հաստատված է

Առաջիկա աշնան ծրագիրն ավելի մեծ է։ Պետք է գարնան համար ցել անենք ո՛չ թե 4500 հեկտար, այլ 35 հազար հեկտար, որից 23 հազարը՝ բամբակի, 12 հազարը մնացած բույսերի (առաջին հերթին՝ ցորենի և գարու) համար։

Ինչո՞ւ ենք ավելի շատ վարում։

Որովհետև աշնանը մշակած հողն ավելի շատ բերք է տալիս, որովհետև բամբակից բարձր բերք ստանալու համար անհրաժեշտ է հողն աշնանը վարել, այդպիսով ոչնչացնել մոլախոտերը և օգնել աշնան խոնավությունն ու ձմեռվա ձյունը հողի մեջ ամբարելու։

Բայց առաջիկա գարնացանի ծրագիրն ևս անցյալ տարվա համեմատ բարձր է լինելու։

Ահա հենց գարնացանի ծրագիրը հաջողությամբ իրագործելու համար էլ հարկավոր է աշնանը շատ տարածություն հերկել, ավելի շատ ցանել աշնան ցորեն ու գարի։

Ինչո՞ւ։

Որպեսզի գարնանը մեր մեքենաներն ու գործիքները, աշխատող ձեռքերն ու լծկաններն ամբողջովին զբաղված լինեն գարնացանի ծրագրի կատարումով։

Ուրեմն՝ աշնացանի լրիվ կատարումը նշանակում է ո՛չ միայն շատ հացահատիկ և բամբակ ունենալ, այլև օժանդակել, որպեսզի գարնանը շատ ցանենք ծխախոտ, բանջարանոց, կերի և շաքարի ճակնդեղ, բամբակ և այլն։

Ժամանակը քիչ է։ Աշնացանի կամ պամպանիան գնում է բերքահավաքի հետ միասին։ Կալը չվերջացրած՝ սկսում ենք աշնան վարի պատրաստությունը, նորոգում ենք գործիքներն ու մեքենաները, որպեսզի առանց մի օր կորցնելու, մինչև եղանակների աննպաստ լինելը, ավարտենք ծրագիրը։

Անցյալ աշնանը մենք մի բարեհաջող հանգամանք ունեինք։ Ձյունը շատ ուշ եկավ, և մինչև դեկտեմբերի վերջը բամբակագործական շրջաններում տրակտորները հերկ էին անում բամբակի համար։

Պիտի մեր ուժերը լարենք, ավելի կազմակերպված, անդուլ աշխատանքով սկսենք և վերջացնենք աշնացանը։