Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/358

Այս էջը հաստատված է

Իհարկե, այս չի նշանակում, թե բամբակը կամ մյուս տեխնիկական բույսերն ու հացահատիկները նվազ ուշադրության պիտի արժանանան այսուհետև։ Բնավ ո՛չ․ անասնապահությունը և նրա հետ կապված խնդիրները ևս դառնում են ամենօրյա ուշադրության և համառ աշխատանքի առարկա։

Բամբակացան կոլխոզնիկի նման, անասնաբույծ կոլխոզնիկը, խորհրդային անասնապահական տնտեսության աշխատողը, անհատ անասնապահը պետք է լավ գիտենա, որ այս՝ 31 թվին կովի կաթնատվության չափը խորհրդային տնտեսություններում պիտի հասցնել 15 ցենտների մի կովից, կոլխոզում՝ 8,3 ցենտների, և անհատ տնտեսությունում՝ 6,6 ցենտների։


Մենք ստեղծում ենք սոցիալիստական անասնաթուծություն

Գյուղատնտեսության ոչ մի ճյուղ այնքան արագ չի վերադարձնում իր ծախքերը, որքան անասնապահությունը։ Կովը 24 ժամում կարող է կրկնապատկել կաթի չափը, եթե նրան ինչպես պետքն է կերակրենք: Նույնիսկ աննշան բարեփոխումները, որ մեզանում կատարում են անասունի խնամքի համար, ազդում է բերքի բարձրացման վրա։ Մաքուր, լուսավոր և տաք գոմը, ժամանակին ջրելը, նույնիսկ կովին փաղաքշելը, միջոցներ են կաթի բարձրացման համար։

Բայց այդ բոլորը անհատական, մանր տնտեսություններում չեն կարող տալ այն ամբողջ արդյունքը, ինչ որ տալիս են անասնապահական կոլեկտիվում:

Միայն խոշոր, տեխնիկայի վերջին խոսքով պատրաստված գոմը, որտեղ մեքենայացված է կեր բերելը, գոմը մաքրելը, լուսավորությունը, միայն կոլեկտիվ կերպով սիլոսի հորեր և աշտարակներ կառուցելն է կամ կաթի գործարանային վերամշակումը, որ մյուս միջոցների հետ հնարավոր է դարձնում նույնիսկ մեր տեղական կովից կրկնակի չափով կաթ ստանալ։

Իսկ այդ միջոցները մատչելի է դարձնում միայն կոլեկտիվը։ Միայն խոշոր և սոցիալիստական անասնապահությունն է, որ հնարավորություն է տալիս գործադրելու բոլոր միջոցները՝ ռացիոնալ կերակրումից մինչև էլեկտրական կիթը։