Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/36

Այս էջը հաստատված է

Տուրկեստանովը ակնկալում է Աբովյանի վերադարձը։ Հետո մենք կհանդիպենք ուրիշ փաստաթղթի՝ ավելի ուշ գրված, որտեղ ավելի պարզ է արտահայտած Աբովյանի վերադարձի հույսը։

Որպեսզի ապրիլի 6-ի ակտերի նշանակությունը ավելի հասկանալի դառնա, պետք է ասել, որ սահմանված կարգի համաձայն, դպրոցի տեսուչը յուրաքանչյուր ամսվա վերջին, ուսուցիչների ներկայությամբ ստուգում էր դպրոցական գումարի քանակը, քննում այդ ամսվա ելումուտքը և մայր հաշվեմատյանում իր ձեռքով գրում էր ակտի շաբլոն ձև առ այն, որ առկա գումարը ճիշտ է, և հաշիվները ուղիղ։

Նոր տեսուչ Տուրկեստանովը եկել էր մարտի 30-ին։ Մինչև այդ, ծախքերը գրանցել էր հին տեսուչ Աբովյանը յուր ձեռքով։ Մայր մատյանից երևում է, որ ամսի վերջին օրը մարտի 31-ին, Աբովյանը դուրս է գրել յուր և մյուս պաշտոնակիցների ռոճիկը[1]։ Այդ օրը կամ հաջորդ օրը նա պարտավոր էր մարտ ամսվա ծախքերի գումարի ստուգումը կատարելու և ձևակերպելու սովորական ակտով, ինչպես արել է ամեն ամսվա համար։

Սակայն այդ ակտն այս անգամ նա չի գրում մարտի 31-ին վերջին անգամ դուրս է գալիս դպրոցից և առանձնանում յուր սենյակում, ապա ապրիլի 2-ի առավոտյան անհայտանում[2]։ Մարտ ամսվա համար ակտ չի գրում, իսկ առանց դրան նրա հաջորդը իրավունք չուներ դրամական նոր գրանցումներ անելու մայր մատյանում։ Ելքը գտնում են... Աբովյանի ստորագրությունը կեղծելով[3], որից հետո մյուս ուսուցիչները ստորագրում են մարտի ակտը։

Այդ կեղծ ակտին*[4] հետևում է ոստիկանապետ Մորոխովեցի և Տուրկեստանովի մասնակցությամբ կազմած ապրիլի 6-ի արձանագրությունը, որտեղ հետին թվով, տարբեր ձեռքով և թանաքով ավելացված է. «Պ. Աբովյանի անհայտ բացակայության (отлучка) առիթով»։

Այստեղ էլ կրկնվում է նույնը։ Մինչև ապրիլի 6-ը ենթադրել են, որ, ուր որ է, կվերադառնա Աբովյանը՝ օրինական կարգով մարտ ամսվա ակտը կազմելու։ Սակայն նա չի վերադառնում, և կեղծ ակտը ծառայում է ելք։ Ապրիլի 6-ին կազմում են նոր արձանագրություն, որի հիման վրա Տուրկեստանովը, իբրև նոր տեսուչ, իրավունք է ունենում շարունակել դրամական գրանցումները։ Սակայն, նրանք հենց այդ արձանագրության

  1. 10
  2. 11
  3. 12
  4. * Պետարխիվ, Երևանի գավ. դպրոցի գործերը, 1848 թ., գ. № 425