Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/360

Այս էջը հաստատված է

հոգ տանի խոտ, պալարապտուղ, արմատապտուղ և սիլոսային բույսեր (օրինակ՝ եգիպտացորեն) ցանելու, որպեսզի տավարը կեր ունենա, մանավանդ ձմեռվա ամիսներին։

Իսկ սիլոսն առանց դժվարության կարող է պատրաստել միայն կոլեկտիվը։ Սիլոսը տալիս է էժան և օգտակար կեր։ Սիլոսի պատրաստելը պահանջում է կոլեկտիվ աշխատանք, իսկ, իր հերթին, սիլոսը հեշտացնում է ձմեռային կերի խնդիրը։

Մեր տավարը մինչև այժմ էլ, գարնանից մինչև աշուն, կերակրվում է արոտների բնական խոտով։ Ձյունը հալվելուց՝ նախիրը մի քանի ժամանակ արածում է գյուղի մոտիկ խամերում, հարոսներում, մինչև լայլաների բացվելը։ Եվ ապա մինչև աշուն մնում է սարերում։

Կերի հարցը մինչև այժմ այս ձևով ենք լուծել։

Բայց արոտները ծանրաբեռնված են։ Այնպիսի արոտատեղ կա, որ մի հեկտարի վրա արածում է մինչև 8 տավար, այնինչ նորման երկուսից ավելի չէ։ Կան և արոտատեղեր, որոնք հեռու լինելու պատճառով կամ հարմար ճանապարհ չունենալով՝ չեն օգտագործվում։

Սակայն այսպիսի արոտները քիչ են։ Մեծ մասը տարեցտարի փչանում է։ Անկանոն օգտագործելու հետևանքով խոտը պակասում է, փուշ և կանգառ է բուսնում, հողը լերկանում է, անձրևն ու ձյունաջուրն արմատահան են անում խոտերը, հողը սրբում, մերկացնում լերկ ապառաժները։

Եղել են արոտներ, որտեղ, ինչպես ասում են, ձին ձիավորի հետ թաղվում էր, այնքան բարձր էր խոտը, իսկ հիմա ոչխարի և այծի համար էլ բան չի բուսնում։

Արոտների օգտագործումն էլ անկանոն էր. շատ տավարատեր կուլակը իր «համգյալով» զավթում էր արոտի խոտոտ և ջրառատ տեղը, վրանները խփում, իսկ մի կովատերը չէր էլ կարողանում սարը բարձրանալ։

Այդ դրությանը վերջ կտանք միայն անասնապահական կոլեկտիվներ ստեղծելով։ Միայն կոլխոզը կարող է խնամել արոտը, արածացնել այն կարգով, ինչպես պահանջում է զոոտեխնիկան, այսինքն՝ անասնապահական գիտությունները։

Արոտների մի մասը կոլեկտիվը պետք է խոտհարք դարձնի. ինչքան շատ, այնքան լավ։ Պետք է արոտները պարարտացնել այնպես, ինչպես մեր դաշտերն ենք պարարտացնում, քարերը հավաքել, կառուցել