Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/39

Այս էջը հաստատված է

անհայտ բացակայման գործը ուղարկվել է Թիֆլիսի զինվորական նահանգային վարիչ և քաղաքացիական մասի գեներալ Երմոլով 2-րդի հայեցողության[1]։ Որտե՞ղ է այդ գործը, որ ըստ հետքերի, պետք՝ ստվար լիներ,-հայտնի չէ մինչև այժմ։ Կան ո՛չ անհիմն տվյալներ, ըստ որի Աբովյանի անհայտացման մասին կատարած քննության գործը ոչնչացված է։

Վերը բերած նախնական վավերագրերը վկայում են, որ Աբովյանի անհայտացման սկզբի շրջանում, այսինքն՝ առաջին ամիսները, ավելի տիրապետող է վերադարձի ակնկալությունը։ Այս և նման կարգի բազմաթիվ փաստաթղթերից և ոչ մեկում որևէ ակնարկ կամ աղոտ նշույլ չկա Աբովյանի սպանության կամ ինքնասպանության մասին։

Այստեղ մենք հիշատակենք և մի հանրածանոթ փաստը նրա կինը՝ էմիլյա Աբովյանը, շատ երկար, ինչպես ասում են, մինչև մահը, սպասում էր ամուսնու վերադարձին։ Երբ քամին խփեր դուռը կամ պատուհանը, մայրը երեխաներից մեկին ուղարկում էր իմանալու արդյո՞ք հայրը չէ[2]: Նրա բարեկամներից մեկը՝ Դավիթ Արզանովը, որ երկու տարի անց նշանակվում է Երևանի գավառական դպրոցի տեսուչ, Աբովյանի մասին իր զեկուցագրում արտահայտվում է իբրև «անհայտ թաքնված»*[3] մարդ:

Ստորև բերում ենք նոր վավերագրեր, որոնցից հայտնի է դառնում, որ Աբովյանի անհայտանալուց հետո նրան փնտրել են ազգականները, Աբովյանի փեսան՝ Աղաբաբ Առաքելյանը, և վերջինիս բարեկամ Գրիգոր Ելիմիրզյանը, երկուսն էլ Քանաքեռի բնակիչներ։

Այս անգամ էլ գործի քննության նախաձեռնողը գավառապետ Բլավատցկին է, քննություն կատարողը՝ Երևանի դատարանը։

1848 թ. օգուտոսի 9-ին Երևանի գավառային դատարանը քննության է առնում գավառապետի հուլիսի 31-ի գրությամբ[4] ուղարկված քրեական գործը՝ Երևանից անհայտ բացակայման մեջ եղած գավառական դպրոցի նախկին տեսուչ Կոլեժսկի ասեսոր Աբովյանի մասին․ և գտնված սապոգը, որ իրր թե պատկանում է Աբովյանին, և Զանգիբասարի գավառակում գտնված մեռած մարդու կմախքի մասին»**[5]։

  1. 22
  2. 23
  3. * Պետարխիվ, Երևանի գավ․ դպրոցի գործերը, 1850 թ․, №473։
  4. 24
  5. ** Պետարխիվ, Երևանի գավ․ դատարանի ժուռնալ, 1848թ․։