Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/394

Այս էջը հաստատված է

Բազարչայի պանրագործարանի վերականգնման համար Երևանից ստացված է երեք հազար ռուբլի։ Նախիջևանում գտնված վարպետը յուր համաձայնությունը տվել է պանրագործարանի կտուրը ծածկելու, և ցաք ու ցրիվ եղած գործիքներն ի մի հավաքելու գործն է տարվում այժմ։

Բազարչայում եղած ժամանակ գյուղացիները ցանկություն հայտնեցին կազմել կաթնատնտեսական արտել, բայց որովհետև անասնապահության, ավելի ճիշտ՝ կաթնատնտեսության գործը վերցրել է «Պայքարը», փոխադարձ համաձայնությամբ ավելի լավ համարվեց Բազարչայում ունենալ անասնապահների ընկերություն:

Ղարաքիլիսեում (Սիսիանի կենտրոնում) ձեռք է բերված երկու բուղա՝ սիմենտալ ցեղից. Մաղաուզի շրջանից ևս մտադրություն կա բերելու անասուններ՝ ազնվացման համար. «Պայքարը» շրջանում բաց է անում 3 բեղմնավորման կայան. շուտով կլինի շրջանային համագումար, որին մասնակցելու պիտի գնամ և ես։ Սիսիանի շրջանի Բալաք գյուղում կա երկու բուղա՝ սիմենտալ ցեղից, բայց տերերը սոսկալի գին են ուզում համայնքից՝ 100 փութ ցորեն, որպեսզի գյուղն օգտվի. սպառնում են կրտել։ Չգիտեմ ի՞նչ անել, եթե խորհուրդ տալով մի բան դուրս չգա, գուցե դիմեմ ադմինիստրատիվ օրգանների աջակցության։

Սիսիանի շրջանում մեղվապահությունը շատ արագ զարգանում է, բայց այդ աճումը անարխիկ բնույթ ունի և կատարվում է պապենական ձևով։ Ես առաջարկել եմ ընկերության՝ Սիսիանում պահել մի հրահանգիչ. հրահանգիչը կա, տեղացի է, ինքնուս-մեղվաբույծ, գործին նվիրված մի անձնավորություն։ Վարչությունը նրան տալիս է 30 ռուբլի ամսական։ Համաձայնությունը կա, այդ խնդիրն էլ որոշված է։

Մեր նախահաշիվը դեռ հաստատված չէ. այդ նախահաշիվը կազմելիս ես այստեղ չեմ եղել, այնպես որ մի քիչ թերություն կա, բայց գումարն է կարևոր, կարիքն ինքն իրեն պարզ ցույց է տալիս։

Սերմազտիչ մեքենաները դեռ չեն ստացվել։ Խնդրում եմ ցույց տալ, թե ինչ միջոցով հնարավոր է ձեռք բերել մեր մոգական լապտերի համար նկարներ։ Լապտերն անգործ է, այնինչ աշխատեցնել կարելի է և պետք է։

Շուտով կուղարկեմ Սիսիանի շրջանի գյուղատնտեսական ուսումնասիրման մասին զեկուցում։

Աղ. Բակունց