Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/408

Այս էջը հաստատված է

Գյուղատնտեսական ուսումնասիրման ենթարկվել են Սիսիանի 11 գյուղ, սակայն այդ գյուղերի տնտեսությունները կազմում են ընդհանուրի 54 %-ը, կեսից ավելի։ Վերոհիշյալ տասնմեկ գյուղերը միասին ունեն 2236 տնտեսություն և 10214 շունչ։

Չնայած որ մեր ձեռքի տակ կան զանազան հիմնարկների հավաքած վիճակագրական թվեր շրջանի գյուղատնտեսության զանազան ճյուղերի վերաբերյալ, բայց մենք հրաժարվում ենք մեջտեղ բերել այդ թվերը՝ նրանց ծայր աստիճան սխալ և հակասական լինելն ի նկատի ունենալով։

Այս ուսումնասիրությունը կատարվել է գյուղերում՝ մասսայական հարցումների և անձնական դիտման ձևով։ Մեր աշխատությունը համառոտակի նկարագրում է Սիսիանի շրջանի արդի գյուղատնտեսությունը, տեղ-տեղ անում եզրակացություններ՝ ցույց տալով ներկա դրությունից ազատվելու միջոցներ։

Աղ․ Բակունց

Դեկտ․ 16, 1924

Գորիս

* * *

Սիսիանի գավառամասը կամ, ինչպես ժողովուրդն է ասում՝ «Սիսիանի մհալը», ըստ յուր տեղագրության, բաժանվում է երեք անհավասար մասի. ա) բուն Սիսիան, բ) Աղուդու շրջան և գ) Դարաբասի ձոր։ Իսկ ըստ բարձրության կարելի է բաժանել 3 գոտու, ա) ցածր գոտի (մինչև 3000 ոտնչ. բարձրութ.), բ) միջին գոտի (3000—5000 ոտն.) և գ) բարձր գոտի (5—7000), իսկ 7000-ից բարձր սկսվում են «յայլաղները»։ Սակայն այս կարգը խախտվում է հենց նրանով, որ շատ գյուղեր 7—8000 ոտնաչափ բարձրության վրա ունեն («յայլաղներում») վարելահողեր։

Բուն Սիսիանն իրենից ներկայացնում է մի սարահարթ՝ երեք կողմից շրջապատված բարձր լեռներով, որոնց մեջ նշանավոր են հյուսիսից՝ Ղզլ֊Բողազ դարի (11,039՛), Փերիչնգլ (10,572՛), Մուխորթուրյան (10,627՛) և Դավագյուլի լեռները. արևմուտքից՝ Աղդաբան և Սալվարդու (10,422՛), հարավից՝ Գյազբել (8,918՛) և Գյամուր֊դադ (10,093՛)։ Սիսիանի արևելյան կողմում ընկած է Ուչ Թափայի բարձր պլատոն, որի «թափաներից» (գագաթներից) մեկը՝ Յեան Թափան (7,519՛) կազմում է Սիսիանի և բուն Զանգեզուրի բնական սահմանը։