Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/410

Այս էջը հաստատված է

ունեն, որովհետև աջ ափը զուրկ է աղբյուրներից: Աղբյուրներով հարուստ է Ղարաքիլիսան, որ շրջանի կենտրոնն է. քարաժայռերից դուրս են հորդում վարար աղբյուրներ՝ շատ սառնորակ ջրով։

Կան գյուղեր, որոնք ջրի պակաս են զգում՝ թե խմելու և թե ոռոգման համար (Ուզ, Ախլաթյան). կան գյուղեր, որոնք ամառն են ջրի պակաս ունենում, երբեմն միայն սարում. ջրի պակասը ստիպում է ամեն օր տավարը ջրելու տանել 3—4 վերստ հեռու մի աղբյուր (Բռնակոթ)։ Ջրանցքներ կամ խոշոր առուներ շատ քիչ կան։ Բռնակոթ գյուղն ունի «Աղի յար», որ սկսվում է սարից և բերում է հալոցքի ջուր։ Անգեղակոթ գյուղը շրջանում միակն է, որ մոտ 12 վ. հեռու ընկած Բազարչայ գետից հանել է առու և օգտվում է այդ առվի ջրից։ Շատ գյուղերում բանջարանոցները ջրում են աղբյուրի ջրով (Ախլաթյան): Աղուդու շրջանում, ինչպես և Դարաբասի ձորում, ջրի կարիք համարյա թե չկա, չնայած որ արհեստական ոռոգման հնարավորություն կա: Ընդհանրապես, Սիսիանը հազիվ է կարողանում ջրի կարիքը բավարարել, չորային տարիներում և ամառվա ընթացքում «մհալում» ջրի կարիքը զգալի է։ Արհեստական ոռոգման հետ կավելանար և ջրովի կուլտուրաների զարգացումը շրջանում։

Սիսիանի կլիման յուր մեջ ունի զանազան շրջաններ, «յայլաղներից» սկսած մինչև տաք հովիտները, ուր շատ լավ աճում են ծիրանն ու թութը (Որոտն ու Շամբ)։ «Յայլաղներում» ամառվա մի քանի ամիսների ընթացքում է հալվում ձյունը, սեպտեմբերի վերջին նորից ձյունելու համար։

Ձմեռն ընդհանրապես շուտ է սկսվում, մանավանդ Բազարչայի շրջակայքում։ Բազարչայի ռայոնը Զանգեզուրի գավառի ամենախիստ կլիմա ունեցող անկյունն է, ձյուն է, գալիս հոկտեմբերի սկզբներին և մնում է մինչև մայիս։ Բուն Սիսիանի համար ձմեռնամուտը սկսվում է հոկտեմբերի երկրորդ կեսից կամ վերջին և տևում է մինչև ապրիլ․ տեղ- եղ մինչև մարտի 20֊ը (Ուզ)։ Համարյա թե ամբողջ Սիսիանի համար բնորոշ են աշնան և գարնան «այազները», որոնք ցրտատար են անում և խանձում ծիլերը։

Աղուդու շրջանում և Դարաբասի ձորում եղանակը մի քիչ ավելի մեղմ է, ձմեռն ավելի ուշ է սկսվում և շուտ վերջանում։ Դժբախտաբար, Սիսիանում օդերևութաբանական դիտողություններ երբեք չի կատարվել, այնպես որ տվյալներ չկան կլիման ավելի մանրամասն որոշելու։